Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ապօրինաբար ուրան իրացնելու մեղադրանքով ձերբակալել է 6 անձի:
- Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության և հատուկ գործողությունների վարչության իրականցված համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ապօրինի ճանապարհով ուրան ձեռք բերելու և պահելու փաստով ձերբակալվել են Հայաստանի և Վրաստանի 3-ական քաղաքացիներ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն , U-238 տիպի միջուկային նյութը հայտնաբերվել ձերբակալվածներից մեկի տանը: Գտնված ուրանի ընդհանուր արժեքը գնահատվել է 200 մլն ամերիկյան դոլար: Հետաքննությունը ընթանում է միջուկային նյութերի ապօրինի շրջանառության հիմքով, որը նախատեսում է 5-ից մինչեւ 10 տարի ազատազրկում: Ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանքի որոշում է կայացրել: Հետաքննության ընթացքում մեղադրյալները անազատության մեջ կլինեն: Ավելի ուշ, ձերբակալվածներից մեկի փաստաբանը հայտարարել է, թե բոլոր ձերբակալվածները թոշակառուներ են. «Բոլոր ձերբակալվածները թոշակառուներ են, և չեմ կարծում, որ պետության շահերից է բխում նրանց ազատազրկելը: Այս պահին իմ պաշտպանյալը` իր մեղքը չի ճանաչում, սակայն հնարավոր է առաջիկայում համաձայնության հասնենք մեղադրող կողմի հետ:» Փաստաբանի խոսքերով` հետաքննությունը պնդում է, թե միջուկային նյութերը բերվել են ՀՀ-ից, սակայն թե ի՞նչ ճանապարհով է փոխադրումն իրականացվել դեռեւս պարզ չէ» ,- հայտարարել է փաստաբանը:
- Թուրքական «Sabah» թերթը տեղեկատվություն է տարածել, որտեղ նշվում է, թե վրաց-թուրքական սահմանին ազգությամբ հայեր քարեր են նետել թուրքական պետհամարանիշերով բեռնատարների ուղղությամբ, ինչի արդյունքում, ըստ թերթի, ավտոճանապարհին 4 կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել: Իր հերթին վրացական «kvira.ge» պարբերականը, անդրադառնալով տեղեկատվությանը նշում է, թե Վրաստանի ներքին գործերի նախարարությունից պարզել է, որ թուրք-վրացական սահմանային հատվածում տեղի է ունեցել բանավոր վիճաբանություն: Ըստ պարբերականի` Ոստիկանությունն արձագանքել է եւ խնդիրը հարթելու նպատակով ժամանել դեպքի վայր:
- Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է թե ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու` Վրաստանի նկրտումները ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ. «Իհարկե մենք ուզում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր: Վրաստանը հավատարիմ և վստահելի գործընկեր է: Միևնույն ժամանակ անվտանգության և պաշտպանության ոլորտը կարևոր տրանսֆորմացիայի է ենթարկվում: Իմ կարծիքով մեր նվիրվածությունը, հուսալիությունն ու բարեփոխումների ընթացքը համապատասխանում են ՆԱՏՕ–ի չափանիշներին:»
- Վրաստանի «Հանրապետական կուսկացության» Սենակիի տեղական կազմակերպության շուրջ 25 անդամներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Կուսակցության նախագահ Խաթունա Սամձիմեի խոսքերով` կուսակցության ներկայացուցիչների մեծ մասը հանրային ծառայողներ են եղել: Սամձիմեն նաև հայտարարել է, որ Սենակիում կուսակցությանը բավականին ուժեղ տեղական կազմակերպություն ունի: «Վերջին մի քանի օրվա ընթացքում, Սենակիի տեղական կազմակերպությունը լքել է 25 անդամ, սակայն այս գործընթացը կոնկրետ պատճառներ չունի»,- ասել է Սամձիմեն` ավելացնելով, որ կուսակցության շարքերը լքողները հանրային ծառայողներ են:
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի նախագահ Գիրոգի Մարգվելաշվիլիին շնորհակալագիր է ուղարկել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հարգելի Գիորգի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման առիթով, Ձեր կողմից ինձ ուղարկված նամակի համար: ՆԱՏՕ-ն` ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ու հարգանքի վրա հիմնված կազմակերպություն է: Մենք շարունակելու ենք համատեղ աշխատել Վրաստանի և մեր գործընկերների հետ, որպեսզի պաշտպանենք մեր ընդհանուր արժեքները: Շնորհակալություն եմ հայտնում ձեր կողմից ցուցաբերված համերաշխության համար»:
- Պայթեցվել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Ալմաս Ջոպուայի ավտոմեքենան: Աբխազիայի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն` պատգամավորը չի տուժել: Պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել երկու անցորդ:
- Վրաստանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ փոքր ինչ ամրապնդվել է: Ապրիլի 19-ից 1 ամերիկյան դոլարի պաշտոնական գինը կլինի 2.2447 լարի: Ազգային արժույթը փոքր ինչ ամրապնդվել է նաև Եվրոյի նկատմամբ, կազմելով 1 եվրոյի դիմաց 2.5367 լարի: