Վրաստանյան մամուլը ապրիլի 14-ին առավել մեծ ուշադրություն է հատկացրել վրացերենի օրվան` հիշեցնելով, որ օրն ընտրվել է` հաշվի առնելով 1978թ. ապրիլի 14-ի իրադարձությունները, լրատվամիջոցները գրում են, որ 38 տարի առաջ մտավորականությունը հանրության հետ զանգվածային բողոքի ակցիաներ էր սկսել` Վրաստանում վրացերենի սահմանադրական կարգավիճակը փոխելու` Խորհրդային միության փորձերի դեմ:
- Հատկանշական է, որ այսպես ասած` «փոքր լեզուները» որպես պետական լեզու չեղյալ հայտարարելու ԽՄ որոշումը բողոքարկեցին միայն Հայաստանը, Վրաստանը և Մերձբալթյան երկրները»-գրում է «Կվիրա.ջի» պարբերականը:
- Վրացական մամուլում տեղ է գտել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում ընդգրկելու հարց օրակարգում չկա:
«Մենք Հարավային Օսիայի հետ նման հարց չենք քննարկել: Իմ կարծիքով` Վրաստանի նախկին նախագահի (Մ. Սահակաշվիլի-խմբ.) ռազմավարական առանցքային սխալն այն էր, որ ընտրեց հարցի ռազմական ճանապարհով լուծումը: Արդյունքում, սակայն կորցրեց այդ տարածքները և դա նրա մեղքն է»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
- Աբխազիայի սահմանին Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել: Աբխազիայի անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց ձերբակալել են Աբխազիայի դե ֆակտո սահմանը ապօրինի հատելու համար: Տարածված տեղեկատվության համաձայն` սահմանը հատած անձինք թմրանյութի ազդեցության տակ են եղել և Աբխազիայի տարածքում բազմաթիվ հանցագործություններ են ծրագրել:
- Մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել նաև խորհրդարանական ընտրությունների ամսաթվի նշանակաման հետ կապված երկրի նախագահին ուղղված Վրաստանի վարչապետի դիմումը: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին առաջարկել է ընտրությունների անցկացման վերաբերյալ հրամանագիրը հրապարակել հուլիսին: Վարչապետի կարծիքով` լավ կլիներ, որ հրապարակման օրն ընտրվեր ընտրություններից 3 ամիս առաջ` հուլիսի 8-ին:
- «Ընտրությունները հոկտեմբերի 8-ին անցկացնելու մասին որոշումը մի շարք պատճառներ ունի: Կան իրավական որոշ բացթողումներ: Այդ իսկ պատճառով այսօր ուղղարկում ենք նկատողություններ, որպեսզի նախագահը ընտրության ամսաթվի վերաբեյալ հրամանագիրը ներկայացնի այն ժամանակ, երբ այն համաձայնեցված կլինի նաև մեր կողմի հետ (կառավարության խմբ.»,- հայտարարել է վարչապետը:
- Լրատվամիջոցները անդրադարձել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ տեղի ունեցած բազմամարդ բողոքի ակցիային: Ներկաները բողոքում էին` Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու դեմ: Հիշեցնենք` օրերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե Մոսկվան կշարունակի զենք վաճառել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին: Ցուցարարները Հայաստանի ղեկավարությանը կոչ են արել դուրս գալ Ռուսաստանի նախաձեռնած` Եվրասիական Տնտեսական միությունից:
- «Կվիրա.ջի» պարբերականը շարունակում է հետևել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկիզբ առած մարտական գործողություններին ու հետևանքներին: Ըստ պարբերականի,` չորսօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունի 82 զոհ, որոնցից 64 –ը զինծառայողներ են, 13-ը կամավորներ: Հոդվածը հղված է ՀՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությանը: