Ամռան տապ՝ նոր մարտահրավեր․ ինչպես պաշտպանվել արևից և այրվածքներից

39, 40 և նույնիսկ մինչև 43 աստիճան տաքություն․․․ Թեև ամռանը շատերս ենք սպասում, սակայն օդի ջերմաստիճանի նման բարձրացման մարտահրավերը ոչ բոլորն են կարողանում հաղթահարել։

36323975_1824494544286380_3477207120569434112_n

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2003 թվականին, Եվրոպայում «տաք ալիքները» դարձել են 70,000 մարդու մահվան պատճառ:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության և հասարակության առողջության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով խուսափել ցերեկվա ժամերին գտնվել բաց երկնքի տակ:

Ինչի՞ է բարձր ջերմաստիճանը խնդիր:

  • Այն օրգանիզմում առաջացնում է դեհիդրատացիա (ջրազրկում)
  • Սրտի և շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց առողջական վիճակի վատթարացում

Ո՞ւմ համար է վտանգն ավելի մեծ:

  • 75 տարեկան և ավելի տարեցների
  • Երեխաների, հատկապես նորածինների
  • Խրոնիկ հիվանդություններ ունեցողների
  • Տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց
  • Հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող մարդկանց
  • Ալկոհոլ և թմրանյութեր օգտագործողների
  • Ֆիզիկապես ակտիվ մարդկանց

Ամառը լուրջ մարտահրավեր է ալերգիկների համար։ Ալերգիայի և իմունոլոգիայի կենտրոնի բժիշկ-ալերգոլոգ Նինո Լոմիձեն, հատկապես ծովափնյա հատվածներ մեկնողներին, խորհուրդ է տալիս յուրաքանչյուր խնդրի դեպքում կամ թեկուզ պարզապես ապահովության համար դիմել բժշկի:

«Ամռան եղանակը՝ տաք և արևոտ օրերը, հատկապես վտանգավոր կարող են լինել ալերգիա ունեցող մարդկանց համար: Առաջինը, բնականաբար, արևային ալերգիան է, որը սպառնում է հատկապես նրանց, ովքեր ունեն բաց գույնի մաշկ, բաց գույնի մազեր: Արևի ճառագայթներից մարդու մաշկի այն հատվածների վրա, որոնք ծածկված չեն հագուստով՝ հիմնականում պարանոցի, կրծքավանդակի տարածքի, վերին և ստորին վերջույթների վրա, հնարավոր է լաքայի կամ բշտիկների տեսքով ցան առաջանա», — «Ալիք մեդիային» ասում է Լոմիձեն:

Ալերգոլոգը բոլորին, հատկապես ալերգիկներին, խորհուրդ է տալիս օգտագործել արևից պաշտպանող քսուք: Ըստ Լոմիձեի, առավոտյան ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում պետք է զերծ մնալ արևի ճառագայթներից, քանի-որ հենց այդ ժամերին են ուլտրամանուշակագույն ճառագայթները ուժեղ:

Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայի այրվածքային կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիձեն տեղեկացնում է, որ երեկ, հուլիսի 2-ի դրությամբ, իրենց կլինիկա են դիմել 71 հիվանդ, որոնցից 55-ի այրվածքները կապված են արևայրուքի և տապի հետ:

Իսկ Նինո Լոմիձեն, «Ալիք մեդիայի» հարցին, թե նման խնդրով քանի՞ հիվանդ է դիմել իրենց, ասում է.

«Չնայած դեռ արևային այրվածքներով ոչ ոք չի դիմել մեզ, սակայն հատկապես վերջին շաբաթվա ընթացքում շատերն են դիմում արևային ալերգիայով կամ էլ արևից պաշտպանվելու խորհրդատվություն ստանալու համար: Մենք էլ ցուցաբերում ենք համապատասխան օգնություն և տալիս ցուցումներ»:

Այս օրերին տապն ամբողջ տարածաշրջանում է դարձել լուրջ խնդիր։ Հարևան Ադրբեջանում ըստ պաշտոնական տվյալների՝ անոմալ շոգի հետևանքով հուլիսի 2-ի ուշ գիշերը Մինգեչաուրի ՀԷԿ-ում վթար է եղել, որի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել Ադրբեջանի մեծ մասը: Իրանում էլ հրդեհներ են։ Առհասարակ, բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը, ուստի արտակարգ իրավիճակների վարչությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Բարձր ջերմաստիճանը վատ է անդրադառնում նաև քննական շրջանի վրա: Նշենք, որ բարձր ջերմաստիճանի պատճառով հետաձգվել են միասնական պետական քննությունները:

Թողնել պատասխան