
ԱՄՆ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Դավիթ Բաքրաձեն հավատարմագրերի պատճենն է հանձնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Վոլշին:
Հանձնման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, հակաահաբեկչական հարցերի համակարգողի առաջին տեղակալ Ալինա Ռոմանովսկին և այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման կարևորության մասին:
Ամերիկյան կողմը պաշտոնի կապակցությամբ շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություն մաղթելով դեսպանի կարևոր առաքելության մեջ: Բաքրաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Վրաստանին 25 տարի աջակցելու համար: