ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված մեղադրանքները, ըստ որոնց ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում պատերազմող ահաբեկչական խմբավորումներին: Պաշտոնական Վաշինգտոնն այս մեղադրանքները ծիծաղելի է որակել: Տեղեկությունը փոխանցել է BBC-ի ռուսական ծառայությունը: Արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Տոները վստահեցրել է, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են և ապացույցներ չեն պարունակում: Բացի այդ, Տոները հերքել է նաև Ռուսաստանից հնչած մեղադրանքներն այն մասին, թե ԱՄՆ-ն սիրիացի ապստամբներին հակաօդային հրթիռային համակարգեր է տրամադրում. «Մենք հրթիռային համակարգեր չենք մատակարարում Սիրիայի ընդդիմությանը: Մեր դիրքորոշումն այս առումով անփոփոխ է, մենք մտահոգված ենք, որ նմանօրինակ զենքը կարող է Սիրիա հասնել»,- ասել է դեպարտամենտի ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Օբամայի վարչակազմին մեղադրել էր ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջազգային հարթակում ներկայությունը խոչնդոտելու, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը հրթիռային համակարգեր տրամադրելու պատրաստակամության մեջ:
Միջազգային հանրությունը ԱՄՆ-ի հովանու ներքո պայքարում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ հիմնականում Սիրիայում և Իրաքում օդային հարվածների միջոցով: 2015-ի վերջին, Թուրքական օդուժի կողմից ռուսական ՍՈՒ-24-ի կործանման հետևանքով ռուս-թուրքական հարաբերությունների սրման ընթացքում, Մոսկվան մի քանի անգամ մեղադրել է թուրքական իշխանություններին և անձամբ Էրդողանին՝ «ԻՊ»-ի զինյալների հետ նավթային գործարքի մեջ, սակայն թուրք առաջնորդը հերքել էր բոլոր մեղադրանքները և խոստացել հրաժարական ներկայացնել, եթե դրանք ապացուցվեն: