
ԱՄՆ-ի Սենատը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց հակառուսական պատժամիջոցների ավելացմանը: Հաղորդում է «Ինտերպրեսնյուս» լրատվականը՝ հղում անելով ռուսական «ՌԻԱ նովոստի»-ին:
Նոր պատժամիջոցները ներկայացվում են որպես Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օրենքի փոփոխություններ: Ընդ որում՝ փաստաթղթում կետ կա, որով արգելվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեղմացնել կամ չեղարկել պատժամիջոցներն՝ առանց կոնգրեսի համաձայնության:
Նոր միջոցները ենթադրում են ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման նվազագույն ժամկետները կրճատել՝ մինչև 14 օր, բացի այդ՝ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի՝ Ռուսաստանի արտաքին պարտքի վրա փոփոխությունների հնարավոր ազդեցության մասին:
Այժմ օրենսդրական նախագիծն անցնելու է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ուսումնասիրությանը, որի կողմից հաստատվելու դեպքում ուղարկվելու է ստորագրության՝ Սպիտակ տուն: