ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի` Ցխինվալիում փետրվարի 22-ին ձերբակալվելու եւ ապա մահվան հանգամանքներով: Մեր ցավակցությունն ենք հայտնում Տատունաշվիլիի ընտանիքի անդամներին, միաժամանակ կոչ ենք անում բոլոր պատասխանատուներին, այդ թվում Վրաստանի` Հարավային Օսիայի շրջանը դե ֆակտո վերահսկող Ռուսաստանի պաշտոնյաներին, Վրաստանի կառավարությանը տրամադրել ողբերգական այս իրադարձության վերաբերյալ բոլոր մանրամասները:
Միացյալ Նահանգները նաեւ խորապես մտահոգված է Վրաստանի քաղաքացիներ Լեւան Քութաշվիլիի եւ Իոսեբ Պավլիաշվիլիի ձերբակալությամբ` կոչ անելով դե ֆակտո իշխանություններին անհապաղ ազատ արձակել եւ ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռել ձերբակալվածներին:
ԱՄՆ-ն վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարածքային ամբողջականությանը, միաժամանակ մերժելով Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը: Եւս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի զինադադարի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, որոնց համաձայն` Ռուսաստանը պետք է վերադարձնի իր ուժերը հակամարտությունից առաջ եղած դիրքերին, հրաժարվի Վրաստանին պատկանող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական օգնության հնարավորություն ընձեռի այս շրջաններում: