Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Սերգեյ Կնիազևը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին մինչ այժմ չեն ձերբակալել, քանի որ կան մի շարք իրավական գործընթացներ։
«Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ են ձերբակալելու Սաակաշվիլիին, ասել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավարը։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն լիտվացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ ևս արձագանքելով ներքաղաքական կյանքում Սաակաշվիլիի գործունեության մասին հարցին, ասել է, որ Սաակաշվիլիի շուրջ զարգացող իրադարձություններն արժանի չեն միջազգային ուշադրության:
«Մեր երկրում հանցագործություն է տեղի ունեցել, մեր պարտականությունն է անցկացնել բաց և թափանցիկ հետաքննություն՝ պատժելու մեղավորներին»,-ասել է Պորոշենկոն: Փոխանցում է «interpressnews.ge»-ն: