Վրաստանի արևմուտքում գտնվող Սամտրեդիա քաղաքում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում աղմուկ է բարձրացել:
Քննարկմանը մասնակցող քաղաքացիներից մեկն ընդհատել է «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլիի ելույթը՝ քննադատելով ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» անդամների գործունեությունը: Կուսակցության անդամներին նա կոչ է արել լքել դահլիճը:
«Երբ դուք կանգնած էիք իշխանության գլխին, խլեցիք ժողովրդի արժանապատվությունը: Այստեղ գտնվելու իրավունք դուք չունեք: Գործող իշխանությունն է այսօր մեզ նորմալ ապրելու հնարավորություն տալիս»,-«Եվրոպական Վրաստանի» անդամներին ասել է Սամտրեդիայի բնակիչը:
Հիշեցնենք՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հիմնել են «Միացյալ ազգային շարժման» անդամները, ովքեր կուսակցության շարքերը լքեցին 2012թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ծագած տարաձայնություններից հետո։