Վրաստանի խորհրդարանի ` մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է տուգանք սահմանել` աղմկելու համար:
Ըստ փոփոխությունների` ֆիզիկական անձինք ժամը 7-ից մինչև 23-ն ընկած հատվածում ձայնի թույլատրելի սահմանը գերազանցելու դեպքում կտուգանվեն 150 լարի , իսկ գիշերային ժամերին (23-ից մինչև 7-ը հատվածում)` 300 լարիի չափով:
Եթե փոփոխություններն ուժի մեջ մտնեն, իրավաբանական անձանց համար աղմուկի համար տուգանքը ցերեկը կկազմի 300, գիշերը` 1000 լարի: Մինչ այժմ աղմկել արգելվում էր միայն մայրաքաղաքում: Թբիլիսիի քաղաքային խորհրդի ( Սակրեբուլո) որոշման համաձայն` գիշերային ժամերին աղմկելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են 300, իրավաբանական անձինք` 1000 լարիի չափով: