Վրաստանն անհապաղ պետք է չեղյալ հայտարարի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը` երկիրն ահաբեկչական գործողություններից հեռու պահելու նպատակով: Վրաստանի իշխանություններին նման կոչ է անում ահաբեկչության հարցերով փորձագետ, լրագրող Իոսիֆ Զաալիշվիլին: Նրա խոսքով, Թուրքիան, որ դարձել է «ահաբեկչական խմբավորումներին սատարող» երկիր, այսօր մեծ վտանգ է ներկայացնում Վրաստանի համար:
«Ալիքի» հետ զրույցում նա նշեց, որ այս ողբերգական իրադարձությունների սկիզբը դրվել է «Արաբական գարնան» (2010թ-ի վերջին արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխական շարժումներ) սկզբին, երբ Թուրքիան առաջին իսկ օրվանից ակտիվորեն ներգրավվեց Մերձավոր Արևելքում տիրող բռնապետական վարչակարգերի դեմ պատերազմում:
«Նա (խմբ. թուրքական իշխանությունները) իր տարածքով էր անցկացնում իսլամական մոջահեդներին` զինելով ու վերապատրաստելով նրանց: Այդ ամենը 2010 թ.-ին չի սկսվել. Մինչ այդ` 1994- 96թթ. Թուրքիան Հյուսիսային Կովկասում օգնում էր ջիհադ իրականացնելու գործում»:
Ասում է Սոսո Զաալիշվիլին, ով 90-ականնների սկզբից ուսումնասիրում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես իսլամիստ ծայրահեղականների գործողությունները` դրանք տպագրելով նաև վրացական ու միջազգային լրատվամիջոցներում: Նրա խոսքով, շատ ահաբեկիչներ արաբական երկրներից հատկապես Թուրքիայով, Ադրբեջանով, Վրաստանով գնում էին Հյուսիսային Կովկաս՝ մասնակցելու մարտական գործողությունների: Շատ մոջահեդներ և ահաբեկիչներ բուժվում էին Թուրքիայում, կամ Թուրքիայի տարածքով բուժման նպատակով տեղափոխվում Եվրոպա:
Նա հիշեցնում է«Իսլամական պետության» դեմ պայքարող քուրդ ապստամբների հայտարարությունը, առ այն. որ Սիրիայի և Թուրքիայի սահամանին գտնվող քրդական Քոբանի քաղաքը իսլամիստները գրավել են թուրք զինվորականների օգնությամբ, ինչից հետո քրդերին հաջողվել է ազատագրել քաղաքը :
«Այսպիսով Թուրքիան եղել և այժմ էլ մեծ վտանգ է հանդիսանում ոչ միայն Հայաստանի և Վրաստանի, այլ նաև եվրոպական երկրների համար. Չմոռանանք փաստերը` 3000-5000 ջիհադիստ Եվրոպա է տեղափոխվել Թուրքիայի տարածքով ու օգնությամբ»:
Թե ինչու է Թուրքիան ներգրավված այս ամենում, կարծիքները տարբեր են: Սակայն ահաբեկչությանը վերաբերող հարցերը ուսումնասիրող լրագրողի կարծիքով, Թուրքիան այս կերպ փորձում է ազդել Եվրամիության վրա` ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով:
«Սա իսլամական քաղաքականություն է, քաղաքականություն բռնի ուժով: Թուրքիան ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա` ասելով, որ եթե գումար չհատկացնեն, չընդունեմ այդ երկիրը ԵՄ-ի կազմում, իրենք Եվրոպա կուղարկեն մեծաթիվ ահաբեկիչներ»:
Ըստ Իոսիֆ Զաալիշվիլիի, Թուրքիայի ներքաղաքական կյանքի մի շարք գործոններ եւս այս հարցում մեծ դերակատարություն ունեն: Օրինակ, Էրդողանը 2003թ.- ից վեր աշխատում է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մշակած իսլամական գաղափարախոսությամբ: Իսկ երբ Դավիթօղլուն պաշտոնաթող եղավ, իսլամիստ ծայրահեղականները և ջիհադիստները սկսեցին ճնշումներ գործադրել Էրդողանի վրա.
«Կարծում եմ, որ ահաբեկչական գործողությունը, որ տեղի ունեցավ Ստամբուլում կապված է հենց սրա հետ: Ես գտնում եմ, որ Թուրքիայում գտնվող բոլոր իսլամական և ջիհադական կազմակերպությունները կողմ են Դավիթօղլուի գաղափարախոսությանը, ըստ որի Թուրքիան պետք է լինի իսլամի ճանապարհին և պետք է դառնա իսլամական աշխարհի առաջնորդը: Սա մուսուլման եղբայրների գաղափարն է: Այս գաղափարը Դավիթօղլուն արտահայտել է իր աշխատություններում դեռեւս 90-ականների սկզբին, իսկ Էրդողանը եղել է նրա քաղաքականության լոկոմոտիվը»:
Փորձագետը կարծում է, որ այժմ, երբ Թուրքիան հայտարարել է` Ռուսաստանի հետ կմասնակցի հակաահաբեկչական գործողություններին, մոջահեդները աստիճանաբար կվերադառնան իրենց գտնվելու նախկին վայրերը, որոնցից է նաեւ Վրաստանը:
Վրաստանն այս առումով նախանձելի դիրքերում չէ, ասում է Զաալիշվիլին` կոչ անելով երկրի իշխանություններին լրջորեն մոտենալ հարցին, ակտիվ հարաբերություններ սկսել ու տեղեկատվության փոխանակում իրականացնել այն երկրների հետ, որոնք պայքարում են իրենց «Իսլամական պետություն» հռչակած ահաբեկչական խմբավորման դեմ.
«Ցավոք, Վրաստանում չկա ահաբեկչական կազմակերպությունների, ահաբեկիչների կամ պոտենցյալ ահաբեկիչերի ցանկը, որոնք կարող են պատահական կամ նպատակային մուտք գործել Վրաստան: Այս ցանկը պետք է ունենա նաև Վրաստանը»:
Լուսինե Աստոյան, Գիտա Էլիբեկյան