Ախալքալաքիի գյուղերում ընտրություններին հետևելիս

Խորհրդարանական ընտրություններին ես իմ գործըկերների հետ միասին գտնվում էի հայաշատ Սամցխե Ջավախեթիում:Առաջին գյուղը որն այցելեցինք, Դիլիսկան էր, որն ի տարբերության Ջավախքի շատ այլ գյուղերի բավականին մարդաշատ էր: Համեմատաբար մեծ այս գյուղն ուներ երկու ընտրատեղամաս, որտեղ առավոտյան ժամերին ընտրություններին մասնակցելու համար մարդիկ հերթ էին կանգնում: Ժողովուրդը ակտիվորեն մասնակցում էր քվեարկությանը, այսպես օրինակ մեր այցելած առաջին՝ 46.40.24 ընտրատեղամասում առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ ընտրել էր 76, իսկ երկրորդ՝ 46.40.68 ընտրատեղամասում 93 մարդ: Ընտրատեղամասերից մեկում գրանցվել էր մեկ խախտում, երբ ընտրությանն էր մասնակցել միանգամից 2 հոգի:

Այնուհետև ուղևորվեցինք Գոման, որտեղ մեզ տեղեկացրին, որ 765 ընտրողից 400-ը գտնվում է Ռուսաստանում՝ ենթադրաբար արտագնա աշխատանքի նպատակով։ Այստեղ կեսօրի դրությամբ 150 հոգի ընտրել, ևս 22 քվե կար շրջիկ քվեատուփի միջոցով: Հաջորդիվ եղանք Օլավերդ և Խուլգումո գյուղերում: Այստեղ բնակիչները նույնպես ակտիվ մասնակցում էին ընտրություններին: Խուլգումոյում արձանագրվել էր 1 աննշան խախտում, ինչը չի կարելի ասել Օլավերդի մասին:

Մեր հաջորդ այցելությունները օրվա 2-րդ կեսին էր՝ 14:00-ից 17:00-ի շրջանում, երբ նկատվում էր մարդկանց հոսքի պասիվություն: Պատճառները տարբեր էին: Մեր հարցին, թե ո՞րն է հիմնական պատճառը մարդկանց մեծամասնությունը պատասխանում էր, որ գյուղացիները հանդամասում են՝ կարտոֆիլի բերքահավաքի:

Այսուհանդերձ շարունակեցինք շրջել գյուղերով ու մեր նախանշված ուղին մեզ հասցրեց Կուլիգամ, Կարդիգամ եւ Աբուլ գյուղեր: Կուլիգամում խախտման մասին պատմեցին, այն էր ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը օգնել էր ընտրողին ընտրություն կատարել քվեախցիկում: Մեր հարցին, թե ի՞նչն է եղել այս միջամտության պատճառը, հանձնաժողովականն ասաց, թե՝ ընտրողը տեսողության հետ խնդիրներ է ունեցել: Կարդիգամ գյուղում ըստ ցուցակի 1175 ընտրող կա: Ժամը 15:00-ի դրությամբ քվեարկել էր ընդամենը 260 ընտրող: Ավելի ուշ տեղեկացանք, որ ժամը 2-ի շրջանում այստեղ եւս խախտում է եղել: Մասնավորապես ընտրատեղամասում՝ քվեատուփի պատին նկատել են «41» գրառումը (իշխող Վրացական երազանքի թիվը), ինչի արդյունքում դիտորդները բողոք են ներկայացրել՝ արձանագրություն կազմելու պահանջով:

Աբուլ գյուղի ընտրատեղամասում ոչ մի լուրջ խախտում չարձանագրեցինք։ Գրանցված 407 ընտրողից ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել էր 152-ը: Միակ արտասովոր դեպքը այն էր, որ մի կին եկավ ընտրատեղամաս առանձ անձնագրի: Նրան իհարկե ներս չթողեցին՝ հետ ուղարկելով Փաստաթղթի հետեւից:

Մեր այցելած բոլոր գյուղերում կային Բազմազգ Վրաստանի (PMMG) և այլ կազմակերպությունների դիտորդներ: Պետք է նշեմ, որ մեր եղած բոլոր ընտրատեղամասերում լրագրողների նկատմամբ ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք կար: Մարդկանցից ոմանք հարցեր էին տալիս, թե ինչի ենք այնտեղ, ոմանք պարզապես զարմացած նայում էին, ոմանք էլ կարծես լրացուցիչ զգաստանում և փորձում էին ավելի ուշադիր և անթերի լինել իրենց գործում: Հաձնաժողովի անդամներից որոշները խուսափում էին տեսախցիկից, մի կին նկատողություն արեց, թե ինչի եմ առանձ զգուշացնելու նկարում:

Ծանր այս օրը, լի էր նորություններով ու բացահայտումներով, որի առավել ուրախալին թերեւս խաղաղ և առանց բռնությունների ընտրական գործընթացի ականատես լինելն էր։

 

Թողնել պատասխան