«Վրաստանն արժանի է, որ Եվրախորհրդարանը արագ ընդունի վիզայի ազատականացման մասին որոշումը», -Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության հարևանության քաղաքական և ընդայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
Նա այն կարծիքին է, որ Վրաստանը վիզայի ազատականացման համար բոլոր պայմաններն ապահովել է և հույս է հայտնում, որ Վրաստանի քաղաքացիների օրինական սպասելիքներն արդարանալու են:
Եվրամիությանն են դիմել հինգ անդամ պետություններ` հնարավորինս արագ Վրաստանի համար վիզային ազատականացում ապահովելու պահանջով: Նամակի հեղինակներն են Բուլղարիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի ներքին և արտաքին գործերի նախարարները: Նրանք որոշել են նամակով դիմել այն բանից հետո, երբ Գերմանիան , Ֆրանսիան և Իտալիան Եվրամիության դեսպանների նիստի ժամանակ մերժել էին Վրաստանին ազատ վիզային ռեժիմ տրամադրելու նախաձեռնությունը: Նամակում մասնավորապես նշված է, որ Վրաստանը կատարել է դրական պատասխան ստանալու համար պահանջվող բոլոր կետերը, և Եվրամիությունը պարտավոր է պատասխան քայլ անել. «Որոշման հետաձգումը կարող է կասկածի տակ դնել մեր հուսալիությունը, բացասական ազդեցություն թողնել ինչպես Վրաստանում, այնպես էլ այլ գործընկեր –երկրներում եվրաինտեգրման հետ կապված բարեփոխումների վրա», -ասված է նամակում, որը հրապարակել է եվրոպական «EU Observer» պարբերականը:
Ամենավաղ ժամկետը, երբ Վրաստանը հնարավոր է ստանա ազատ մուտքի արտոնագիր, սեպտեմբերն է: Կանխատեսում է ամերիկյան «Wall Street Journal»-ը` հղում անելով եվրոպացի դիվանագետների և պաշտոնյաների հայտարարություններին: Պարբերականը գրում է, որ ամռանը ազատ վիզայի շուրջ սպասումները չարդարացվեցին` ԵՄ ամենամեծ պետությունների առաջ քաշած մարտահրավերներից հետո: Բեռլինի անհնագստության պատճառը Գերմանիայում գործող վրացական հանցավոր խմբերն են, Ֆրանսիայում էլ կարծում են, որ ահաբեկչական սպառնալիքների ֆոնին վիզայի ազատականացումը երկրի անվտանգության համար նոր վտանգների պատճառ կդառնա:
Ֆրանսիան և Իտալիան հայտարարում են նաև, որ վիզայի ազատականացումը պետք է պարտադիր ներառի` այսպես կոչված դադարեցման մեխանիզմ ևս, որը Եվրամիությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում հեշտ ընթացակարգով կրկին դադարեցնել ազատ վիզայի ռեժիմն այս կամ այլ երկրի համար: Այս մեխանիզմի ներդրումը սպասվում է սեպտեմբերին: