Լրատվամիջոցները տեղեկութուն են հրապարակել, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը լքել են ևս 4 անդամներ: Կուսակցության առաջնորդ, Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտնելուց հետո, լուրեր տարածվեցին, որ կուսակցությունից հեռանում են նաև Իրակլի Չիքովանին, Վիկտոր Դոլիձեն, Գիա Ցագարեշվիլին, Զուրաբ Աբաշիձեն: Բոլոր 4-ը 8-րդ գումարման պատգամավորներ են: Իրակլի Չիկովանին հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով «մոռացեք այդ մասին»: Լուրը հերքել է նաև կուսակցության գործադիր քարտուղար Թամար Կիկինաձեն՝ հավաստիացնելով, որ կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը, սակայն չի պատրաստվում համագործակցել «Վրացական երազանք»-ի հետ:
«Մենք բացառում ենք ցանկացած բնույթի համագործակցություն խորհրդարանական մեծամասնության հետ: Ապագայում, թե ով և ինչ որոշում կկայացնի, դա իր անձնական գործն է»,- ասել է Թամար Կիկինաձեն:
Իշխող «Վրացական երազանք»-ը, ի դեպ, չի բացառում, որ նախարարական պորտֆելներից մեկը տրվելու է «Ազատ դեմոկրատներ»-ից Վիկտոր Դոլիձեին: Նախօրեին «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն ասել է, թե «Ազատ դեմոկրատներ»-ի շարքերում կան մարդիկ, որոնց հետ արժե համագործակցել:
Հիշեցնենք՝ ընտրությունների նախնական արդյունքերը տեսնելուց հետո կուսակցությունն ու քաղաքականությունը լքելու մասին հայտարարեցին «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Իրակլի Ալասանիան և Ալեկքսի Պետրիաշվիլին: