
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին անդամներն իրենց աջակիցներին կոչ են անում երկրորդ փուլում քվեարկել «Վրացական երազանք»-ի օգտին:
Այս մասին Խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել են Դավիթ Օնոփրիշվիլին, Զուրաբ Աբաշիձեն և Գիա Ցագարեիշվիլին, ովքեր ընտրությունների առաջին փուլից հետո Իրակլի Ալասանիայի հետ լքեցին կուսակցության շարքերը։
«Այլընտրանք այս պարագայում ես չեմ տեսնում: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու պետք է մեր աջակիցները ձայն չտան «Վրացական երազանք»-ին, երբ 2012թ․- ին մենք միասին էինք պայքարում, որ «Միացյալ ազգային շարժում»-ը, եթե դուրս չգա քաղաքական դաշտից, ապա առնվազն պետք է դառնա ընդդիմություն»,-հայտարարել է Դավիթ Օնոփրիշվիլին: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:
Ասուլիսին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Սերգի Կապանաձեն՝ նշելով, թե ամոթալի ասուլիս էր։ Նա ասել է, որ ուրախ է այն առիթով, որ նման «անսկզբունք» կուսակցությունը չի լինելու խորհրդարանում: Կապանաձեն գրել է, որ իշխանություններին աջակցելը ընդիմադիր կուսակցության վարքագիծ չէ․ «Գնացեք մի ինչ- որ այլ տեղ, որտեղ միգուցե գործ տան աշխատելու»: