Բաքվի քաղաքային դատարանի որոշմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունն (Ազադլիք) արգելափակվել է: Արգելված ցուցակում են հայտնվել նաև «Ազադլիք» պարբերականը, «Մեյդան TV» և «Թուրան TV» առցանց ալիքները: Դատարանի որոշումն ընդունվել է երկրի Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության դիմումի հիման վրա: Ինտերնետ ծառայությունները արգելափակվել էին ավելի վաղ՝ մարտի 27-ին: Որպես սահմանափակումների պատճառ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշում է երկրի ազգային անվտանգությունը:
Ինչպես գրում է BBC-ն, Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գործունեության կասեցման համար հիմք է ծառայել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարազատների և մտերիմների հետ կապված ֆինանսական գործողությունների մասին հրապարակումները: Այս թեմայով հետաքննություն լրագրողները սկսել էին կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդագրությունների միջազգային ծրագրի (OCCRP0) հետ համատեղ: Ռադիոկայանի հետ համագործակցած լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատազրկման է ենթարկվել՝ Ալիևի ընտանիքի անվան հետ կապված օֆշորային հետաքննության նյութերը հրապարակելուց հետո: Վերջին տարիներին Ադրբեջանում ձերբակալվել է մի քանի լրագրող, որոնց մի մասը ճաղերի ետևում են հայտնվել:
2016-ին Ալիևն օրենք էր ստորագրել, որով սոցիալական ցանցերում երկրի ղեկավարին վիրավորելը համարվում է քրեական հանցագործություն և պատժվում է մինչև 3 տարվա ազատազրկմամբ: