
Ադրբեջանի դատարանն այսօր մեկնարկել է Թբիլիսիից անհետացած ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի քննումը:
Մուխթարլիի իրավունքների պաշտպանն ադրբեջանական դատարանի օբյեկտիվության հետ հույսեր չի կապում: Ինչպես հայտարարել է փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին, Մուխթարլիի դեմ մեղադրանքն անհիմն է:
Փաստաբանը հայտնել է, որ լրագրողի արդարությունն ապացուցելու նպատակով իրավապաշտպաններն արդեն դիմել են միջազգային մեխանիզմների:
«Այս մեղադրանքները հորինված են Մուխթարլիին բանտարկելու եւ նրա լրագրողական գործունեությունը խաթարելու նպատակով»,- հայտարարել է Արչիլ Չոփիկաշվիլին:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, փողերի լվացման եւ սահմանապահներին հակադրվելու մեջ: