Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ հղում անելով Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, գրում է, որ ադրբեջանական բանակն ակտիվացրել է գործողությունները:
Ադրբեջանական զինուժը երեկ գիշերվանից ականանետերի կիրառմամբ արկակոծում է Թալիշի և Յարըմջայի ուղղություններով տեղակայված՝ ԼՂ պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Ղարաբաղյան կողմի համաձայն՝ հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը։ Ըստ հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:
Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ արկերը գյուղի բնակելի տարածքում չեն ընկել։ Իսկ գյուղի մերձակա դիրքերի ուղղությամբ այժմ էլ շարունակում են կրակել։ «Կրակոցներ էս պահի դրությամբ էլ կա, բայց ոչ բնակավայրի ուղղությամբ։ Ավելի շատ Թալիշի դիրքերի վրա են կրակում»,- հեռախոսով տեղեկացրեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ Թալիշում այժմ միայն տղամարդիկ են բնակվում, քանի որ հատկապես երեկոյան ժամերին գյուղում մնալը խիստ վտանգավոր է՝ «Գիշերը բավականին վտանգավոր է տղամարդկանց համար, ուր մնաց թե կին, ընտանիք մնա։ Մի քանի տղամարդկանցով միասին մնում են մի տան մեջ»:
Վիլեն Պետրոսյանի խոսքով, վերջին շրջանում ադրբեջանական զինուժն ակտիվացրել է գործողությունները: Ապրիլյան պատերազմից հետո ականանետի մասին խոսք չկար, բայց այսօր այն կիրառել են, հավաստեց Պետրոսյանը։
«Ազատության» հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատաեց վերջին շրջանում Ադրբեջանական կողմի ակտիվությունը։ «Միայն Թալիշի ուղղությամբ չեն արկակոծել, նաև այլ ուղղություններով։ Համեմատած նախորդ շաբաթների հետ՝ այո, ակտիվացել են»,- ասաց ՊՆ խոսնակը։
Տեղեկատվությունը և լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի