«Հայրենասերների դաշինք»-ի ղեկավար Իրմա Ինաշվիլին անդրադարձել է կուսակից Ադա Մարշանիայի և ռուս պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի համատեղ ասուլիսում հնչած հայտարարություններին:
«Ադա Մարշանիան Հայդի Թալիավինիի (շվեյցարացի դիվանագետ, ով հեղինակել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին զեկույցը, խմբ․) հայտնի եզրակացությունում հնչած գնահատականներից տարբերվող հայտարարություն չի արել»,-այսպես է արձագանքել Ինաշվիլին Ռուսաստանում Մարշանիայի արած հայտարարություններին:
Հիշեցնենք՝ «Հայրենասերների դաշինք»-ի անդամ Ադա Մարշանիան ռուս պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ համատեղ ասուլիսում 2008 թվականին պատերազմ սկսելու մեջ մեղադրել է Վրաստանին:
Ինաշվիլին նշել է, որ Մարշանիան պետության հանդեպ որևէ անազնիվ հայտարարություն չի արել:
«Մենք շարունակում ենք շատ ուղիղ ասել, որ օգոստոսյան պատերազմի արդյունքում Կոդորիի և Ախալգորիի հանձնումը ամոթալի էր: Այս ամենը ուղիղ կապ ունի նախկին իշխանությունների հետ, այդ թվում Գիգա Բոկերիայի, ով ամոթալիորեն նվիրեց Կոդորին, որտեղ պատերազմական գործողություններ, համենայնդեպս, չէին ընթանում: Այդ պատճառով Ադա Մարշանիան նորություն չի ասել»-Rustavi 2-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրմա Ինաշվիլին: