Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ամբիոնից ասել է՝ եթե քայլեր չձեռնարկվեն, ռուսական ագրեսիան կկրկնվի այլ երկրներում ևս։
«Մենք բոլորս միասին տեսել ենք ագրեսիան Վրաստանում, այնուհետև՝ Ուկրաինայում, սակայն այն կարող է հասնել նաև այլ երկրներ, եթե դրա դեմ քայլեր չձեռնարկվեն», -ասել է Վրաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը ստեղծվել է, որպեսզի դադարեցնի հակամարտությունները, վերջ դնի պատերազմներին և խաղաղության հաստատի։
«Այսօր դժվարությամբ կարելի է գտնել մի տարածաշրջան, որը կանգնած չէ հակամարտությունների կամ անվտանգության մարտահրավերների առջեւ: Եվրոպայում առկա կոնֆլիկտները գրեթե միանման են․Հիմնականում խախտված է հարեւան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ջանելիձեն՝ նշելով, որ մենք վերադարձել ենք սպառնալիքի և ուժի օգտագործման քաղաքականությանը:
Ջանելիձեի խոսքով, 90-ականներին սկիզբ առած հակամարտությունն իր գագաթնակետին է հասել 2008թ-ին, երբ Ռուսաստանը ռազամական ինտերվենցիա իրականացրեց՝ օկուպացնելով Վրաստանի տարածքի մի մասը:
Վրաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոնից կարևորել է նաև գլխավոր քարտուղարի (ՄԱԿ-ի) կողմից աշխարհում առկա հակամարտությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: