Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել փետրվարի 23-ին Ցխինվալիի հիվանդանոցում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի մասին:
ԱԳՆ-ն հայտարարությունում մասնավորապես նշել է, որ Տատունաշվիլին «օկուպացիոն ռեժիմի հանցավոր գործողության զոհն է»։ Վրաստանի ԱԳՆ-ն հարցի շուրջ անհրաժեշտ է համարում միջազգային կազմակերպությունների եւ Ժնեւի քննարկումների համանախագահների սկզբունքային արձագանքը՝ միևնույն ժամանակ պատահածի անմիջական պատասխանատու համարելով Ռուսաստանին, որը տեղում վերահսկողություն է իրականացնում։
«Վրաստանի ԱԳՆ-ն իր խորը ցավակցությունն է հայտնում փետրվարի 22-ին Ցխինվալիում Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների կողմից ձերբակալված, այնուհետև կյանքից հեռացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի մահվան առիթով»,-ասված է հայտարարությունում:
Դատապարտելով տեղի ունեցածը, ԱԳՆ-ն ընդգծում է, որ «նման հանցավոր գործողություններն օկուպացիոն ռեժիմի կողմից, որոնց հետեւանքով զոհվում են Վրաստանի քաղաքացիներ, խոսում են տեղում մարդու իրավունքների եւ անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին»,-նշված է հայտարարության մեջ:
Հարցի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։