Վրաստանյան լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվում, որի համաձայն, մի աբխազ երիտասարդ ՀՀ տարածք է մուտք գործել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի անձնագրով:
Ոմն Խամիդա Արջենիան Facebook սոցիալական ցանցում հրապարակել է անձնագրի նկարը: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Արջենիան Ադլերից Հայաստան է մեկնել ինքնաթիռով, իսկ Երևանի օդանավակայանում նա անցակետը հատել է հենց աբխազական անձնագրով: Հատկանշական է, որ նշված օգտատերը, ամենայն հավանականությամբ, ջնջել է այդ գրառումը: Լրատվամիջոցներում տարածվում է միայն նկարի սքրինշոթը: Հատկանշական է նաև այն, որ տարածված նկարի համաձայն, օգտատերը նշված գրառումն արել է մայիսի 16-ին, իսկ որոշ լրատվամիջոցներում այն տարածվում է այսօր` մայիսի 27-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահի հրավերով մայիսի 26-ին Թբիլիսիում էր՝ մասնակցելու Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին պաշտոնական այցը կատարելու է Վրաստան` մայիսի 30-31-ին: