Ապրիիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի մի շարք հատվածներում մարտական գործողություններ են սկսվել: Վրացական մամուլը անդրադառնալով տեղի ունեցածին գրում է:
«Ադրբեջանի և այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի սահմանում ռազմական ինտենսիվ գործողություններ են տեղի ունենում: Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը, Ադրբեջանի կողմից հարձակումից հետո ՀՀ զինված ուժերը պատասխան քայլեր են ձեռնարկել: Իսկ Ադրբեջանական լրատվամիջոցներում նշվում է, թե Հայաստանը այս գիշեր խախտել է զինադադարը 127 անգամ:
Տարածվեց տեղեկատվություն, որ ՀՀ զինված ուժերը ոչնչացրել են Ադրբեջանին պատկանող մի ուղղաթիռ, սակայն այս տեղեկատվությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաստատում: Որոշ ժամանակ անց, նոր լուր տարածվեց «Inerpressnews» տեղեկատվական կայքում, որտեղ մասնավորապես ասվում էր.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվում է: Տարածվել է տեղեկատվություն, որ ադրբեջանական բանակը ոչնչացրել է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և անձնակազմ: Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարձակումը իրականացվել է Ադրբեջանական կողմից»:
«Գրուզիա օնլայն» պարբերականը անդրադարձել է տեղի ունեցածին մեկ հոդվածով, որտեղ մասնավորապես ասվում է.
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական սահմանային դիրքերը հարձակումների են ենթարկվել խոշոր տրամաչափի զենքի` ականանետների և նռնականետների միջոցով, ռմբակոծվել են նաեւ խաղաղ բնակավայրեր: Ռազմական գործողությունները կասեցնելու նպատակով` ադրբեջանական զինուժը պատասխան քայլերի է դիմել»:
Հոդվածում նշվում է նաեւ, թե ՄԱԿ-ի անվտագության խորհրդի 4 բանաձևերը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների ազատագրման վերաբերյալ չեն իրականացվել ՀՀ ի կողմից:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկություն է տարածել Ղարաբաղի շուրջ ընթացող իրադարձությունների մասին: Հեռուստաալիքի փոխացմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անվտանգության խորհուրդի նիստ է հրավիրել, որը տեղի է ունենալու նախագահի` ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո: Ըստ Ռուսթավի 2-ի` «Հայկական կողմի տեղեկության համաձայն` ռազմական գործողությունները շարունակվում են: Զոհվածների թվաքանակը անհայտ է, չնայած «ինքնահռչակ» (նկատի ունի Լեռնային Ղարաբաղը, խմբ.) հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնել են 50-ից ավելի ադրբեջանական զոհերի մասին: Իրավիճակի սրման համար կողմերը մեղադրում են միմյանց»:
Հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հայտարարությանը` «Գրուզիա օնլայն» պարբերականը գրում է. «Շաբաթ օրը, ադրբեջանական հակահարվածի արդյունքում, ադրբեջանական զինված ուժերը ճեղքել են ռազմաճակատը, ազատագրվել մի քանի ռազմավարական բարձունքներ»: Մարտերի ընթացքում ոչնչացվել է 6 հայկական տանկ, սպանվել ավելի քան 100 զինվոր: Նշվում է նաեւ, որ 12 ադրբեջանցի զինվոր է մահացել, ոչնչացվել 1` «Ми-24» տեսակի ուղղաթիռ: Միեւնույն հայտարարությանը հղում կատարելով` պարբերականն ավելացնում է. «Ռազմական գործողությունների արդյունքում մաքրվել են Թալիշ գյուղի բարձրունքները և Սեյսուլան բնակավայրը, այժմ ընթանում են դիրքերն ամրացնելու աշխատանքներ»:
Ինչպես տեղեկացնում է «Georgia Today» պարբերականը` շաբաթ օրը վաղ առավոտյան ծանր մարտեր են բռնկվել միջազգայնորեն հսկվող հայ-ադրբեջանական սահմանի շփման գոտում: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հղում կատարելով` պարբերականը փոխանցում է, որ իրավիճակը երկու կողմերի մասնակցությամբ սրվել է հիմնականում շփման գծի 3 հատվածներում:
Լարված իրավիճակը մեղմելու նպատակով գործողություններ են իրականացվել միայն Մարտի 2-ի կեսօրից հետո, իսկ զոհերի թվաքականի վերաբերյալ տվյալներ են հրապարակվում պարբերաբար: «Georgia Today»-ի չհաստատված տեղեկությունների համաձայն` ադրբեջանական ուժերը կորցրել են 2 ուղղաթիռ, 3 տանկ, 2 անօդաչու սարք, ինչպես նաեւ բազմաթիվ մարդկային զոհեր տվել: