Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշավիլիի` Նիսում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ հղած ցավակցական հեռագրին. «Ես ի սրտե ընդունեցի Ձեր ցավակցությունները, խորին շնորհակալություն եմ հայտնում, որ կիսեցիք մեզ հետ ազգային տոնին տեղի ունեցած ահաբեկչության պատճառած ցավը: Այս իրավիճակում մենք առաջին հերթին մտածում ենք զոհված ֆրանսիացիների և օտարերկրացիների ընտանիքների մասին»:
Օլանդը պատասխան նամակում նաև ընդգծել է, որ Ֆրանսիան չի դադարեցնի ահաբեկչության դեմ պայքարը: Նա ասել է, որ այդ պայքարը երկար է տևելու, «սակայն, ավելի ամուր ու հզոր կլինենք ամենուր, քան այդ մոլեռանդները»:
«Ձեր ընկերական ուղղերձը, ինչպես նաև մեր երկրի հանդեպ արտահայտած զորակցությունը մեծ աջակցություն էր, որ հզորացնում է մեր ամրությունը, միասնությունն ու նպատակասլացությունը»,-նշված է Ֆրանսուա Օլանդի նամակում:
Հիշեցնենք`հուլիսի 14-ին ֆրանսիական ծովափնա Նիս քաղաքում թունիսյան ծագում ունեցող Ֆրանսիայի մի քաղաքացի բեռնատար մեքենայով մխրճվել է Ֆրանսիայի ազգային տոնի առիթով հավաքված բազմության մեջ` խլելով առնվազն 80 մարդու կյանք: