Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն նախօրեին հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ իր անվան հետ կապված քաղաքական սկանդալից հետո, հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը: Նա հայտարարել է, թե չի կարող թույլ տալ , որ ինչ-որ կասկածներ ստվեր գցեն կառավարության գործունեության վրա: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարականի դիմումն ընդունել է:
Հրաժարականից մեկ օր առաջ լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել, որ 2009-2016 թվականների ընթացքում Բրյունո Լե Ռուն, ով մինչև վերջերս Ազգային ժողովի պատգամավոր էր և նույնիսկ ղեկավարում էր իշխող սոցիալական կուսակցության խմբակցությունը, իր երկու աղջիկներին աշխատանքի է տեղավորել խորհրդարանական քարտուղարությունում: Մի քանի ամսվա ընթացքում աղջիկների հետ ընդհանուր առմամբ մեկ տասնյակից ավելի պայմանագիր է ստորագրվել, աշխատանքի դիմաց նրանց վճարվել է 55 հազար եվրո: Լրագրողների ուշադրությունը գրավել է հատկապես այն փաստը, որ Լե Ռուն աշխատանքի է ընդունել իր աղջիկներին, երբ նրանք ընդամենը 15 և 16 տարեկան էին: Պարզվել է նաև, որ աշխատանքին զուգահեռ նրանք ստաժավորում են անցել այլ վայրերում, ընդ որում ավագ դուստրը՝ Բելգիայում։
«Բոլոր պայմանագրերը օրինական են եղել: Իմ աղջիկները իրական աշխատանք են կատարել: Ես մտադիր եմ պնդել իմ անմեղության մասին»,-ասել է նախկին պաշտոնյան: Նոր նախարարն արդեն նշանակված է, այս մասին հայտարարվել է Ելիսեյան պալատում: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն այսուհետ կղեկավարի Մաթիաս Ֆեկլը: Նա մինչ այդ զբաղեցնում էր Արտաքին առևտրի, զբոսաշրության զարգացման, արտերկրում ֆրանսիացիների հարցերով պետքարտուղարի պաշտոնը: