Ռուսաստանում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 4:2 հաշվով պարտության մատնեց Խորվաթիային՝ 2-րդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Առաջին անգամ Ֆրանսիայի հավաքականը չեմպիոն էր դարձել 1998-ին Ֆրանսիայում անցկացված մրցաշարում: Հատկանշական է, որ Ֆրանսիայի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն այն եզակիներից է, որոնք ԱԱ չեմպիոն են եղել և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ:
Այս առաջնության եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը 38-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։
Առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը կրկին Ֆրանսիայի հավաքականից է, 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապենը։ ԱԱ 2018-ի լավագույն ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն է։ 6 գոլով լավագույն ռմբարկուի մրցանակը կստանա անգլիացի Հարի Քեյնը, իսկ լավագույն դարպասապահը բելգիացի Տիբո Կուրտուան է։
Թբիլիսին նույնպես շունչը պահած հետևում էր այս առաջնությանը և ֆուտբոլասերները քաղաքի տարբեր մասերում միասին էին դիտում վճռորոշ խաղը։