«Ծխախոտի վերահսկման մասին օրինագիծը չծխողների շահերն է պաշտպանում»,- պարզաբանել է խորհրդարանի Առողջապահության պաշտպանության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն:
Նրա խոսքով՝ «Ծխախոտի վերահսկման մասին» օրինագիծը հասարակության մի մասը ճիշտ չի ընկալել: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորը նշում է, որ Վրաստանում ծխախոտի օգտագործման արդյունքում հիվանդություն ձեռք բերած քաղաքացիների, մահացածների վիճակագրությունը խիստ բացասական է:
«Վրաստանում տարեկան առնվազն 2000 մարդ է մահանում ծխախոտից: Ծխախոտը մեծ ազդեցություն է թողել շուրջ 11 հազար քաղաքացու առողջության վրա։ Չմոռանանք՝ 2000 մարդ, այդ թվում 300 երեխա պասիվ ծխող է համարվում»,-նշել է Զոիձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն ապրիլի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ծխախոտի վերահսկաման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի ծխելն արգելվում է ցանկացած փակ տարածքում, բացի սեփական բնակարանից ու քրեակատարողական հիմնարկներից։
Նախագծի հեղինակները՝ ծխախոտի վերահսկման դաշինքի կազմում գտնվող կազմակերպությունները, նշում են, որ արգելվում է նաև ծխախոտի գովազդն ու ցուցահանդեսը:
Խորհրդարանի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեի խոսքով՝ փակ տարածքներում ծխելը կարգելվի 2018թ․-ի մայիսից, իսկ 2020թ․-ին ուժի մեջ կմտնի մարզադաշտերում և բաց տարածքներում ծխելու արգելքը: