
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա այցի կապակցությամբ։
Մարգվելաշվիլին կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել ՌԴ-ի «Արտոնյալ շահերի քաղաքականությունը»: Վրաստանի նախագահը նաև մտահոգություն է հայտնել Աբխազիայում ՌԴ-ի դեսպանության հնարավոր բացման առիթով:
«Այլ երկրի պաշտոնյայի այցը Վրաստան և Վրաստանի տարածքում որևէ երկրի ներկայացուցչության գործունեությունը միայն հնարավոր է Վրաստանի իշխանությունների համաձայնությամբ: Այլապես նման գործողությունները խախտում են Վրաստանի օրենսդրությունն ու միջազգային իրավունքի նորմերը: Կոչ եմ անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել ՌԴ-ի այսպես կոչված «արտոնյալ շահերի քաղաքականությունը»: Վրաստանը շարունակում է պատրաստակամություն հայտնել ցանկացած հարցի շուրջ դիվանագիտական քննարկմանը՝ ռուսական կողմին երկխոսության կոչ անելով».- ասված է Վրաստանի նախագահի տարածած հայտարարությունում: