Օգոստոսի 8-ի վրաստանյան մամուլի տեսություն

Օգոսոտսի 8- ի վրաստանյան մամուլը առավելապես խոսեց 8 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած  ռուս-վրացական հնգօրյա պատերազմի մասին:  Օգոստոսի 8-ին Վրաստանը ոգեկոչեց կարճատև պատերազմի  ժամանակ զոհված վրաց զինվորականների, խաղաղ բնակիչների հիշատակը:  Այս թեմային առնչվող հիմնական նորություններին կարող եք ծանոթանալ Aliq մեդիայի լրատվական թողարկումներից:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հաղորդում է, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ամուսնության հանրաքվե անցկացնելու շուրջ խորհրդակցություններ է սկսում: Տեղեկացնելով, որ անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններով հանրաքվեի մասին ԿԸՀ-ում գրանցված  հայտն արդեն  նախագահականում է, լրատվամիջոցը նշում  է, որ այժմ պետք է որոշում կայացնի նախագահը:

Եթե Մարգվելաշվիլին դրական որոշում կայացնի, ապա Վրաստանի քաղաքացիները պետք է պատասխանեն` «համաձա՞յն եք, որ քաղաքացիական ամուսնությունը սահմանվի  որպես ընտանիքի ստեղծման  նպատակով  տղամարդու եւ կնոջ միջեւ կապ» հարցին:

«Ռուսթավի 2»-ը տեղեկացնում է նաև, որ հասարակության որոշ  խմբեր գտնում են, որ  նախագահը չպետք է նման հանրաքվե անցկացնելու որշում կայացնի և այդ նպատակով ստորագրահավաքներ են  սկսել:  Իսկ  «Վրացական երազանքը»  հանրաքվեի  անցկացման հույս չունի, թեև դաշինքից առանձնացած  որոշ գործիչներ պնդում են` նախագահը կբավարարի այս առաջարկը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ, խորհրդարանական  փոքրամասնության (Միացյալ ազգային շարժման) ներկայացուցիչներն  էլ գտնում են, որ հարցի սահմանումն արդեն օրենքով տրված է և «նույնը  սահմանադրության մեջ  գրելու պահանջը իշխանության կողմից նախընտրական պոպուլիզմ է»:

Հավելենք, որ Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 1106-րդ հոդվածը տալիս է ամուսնության մասին հստակ ձևակերպումը`  «ամուսնությունը կնոջ և տղամարդու միություն է», սակայն  Սահամադրության   36-րդ  հոդվածի առաջին կետում  չի մատնանշվում ապագա ամուսինների սեռը:

«Netgazeti.ge» պարբերականում կարդում ենք, որ կայացել է  նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Պաշտպանության նորանշանակ  նախարար Լևան Իզորիայի  աշխատանքային առաջին  հանդիպումը:  Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ հանդիպմանը որոշվել է  աշխատանքային խումբ ստեղծել, որը կաշխատի ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համատեղելիության բարձրացման, երկրի պաշտպանական կարողությունների զարգացման և ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրի անհրաժեշտ հանձնարարականների ուղղությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Իրինե Իմերլիշվիլին:

Վրաստանյան մամուլը ակտիվորեն  լուսաբանեց նաև Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը, տեղեկացնելով, որ եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվել:  «Frontnews»-ը գրում է`  փաստաթղթում նշված է, որ կողմերը պետք է պայքարեն  ահաբեկչության,  ծայրահեղականության, թմրանյութերի,  ապօրինի զենքի առք ու վաճառքի, թրաֆիքինգին և կիբերհանցագործության դեմ:

Կողմերը նաև համաձայնել են, որ տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները  խոչընդոտում են լիարժեք համագործակցությանը: Ըստ  «Frontnews»-ի,   Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի  ղեկավարները նշել են` տարածաշրջանային հակամարտությունները պետք է  կարգավորվեն միջազգային իրավունքի սկզբունքի համաձայն:

 

 

Թողնել պատասխան