Օգոստոսի 19-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլի առաջին էջերում նախընտրական պայքարի վերաբերյալ նորություններն են:Այս անգամ նոր անակնկալ էր բնակչության համար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կնոջ` Սանդրա Ռուլոֆսի ընտրություններին մասնակցելու լուրը:  Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքը փոխանցում է, որ Ռուլոֆսը Զուգդիդիի (Սամեգրելոյի  շրջան) ընտրատարածքում  կլինի «Միացյալ ազգային շարժման» թեկնածուն: Այսօր Սանդրա Ռուլոֆսը և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն հանդիպումներ են ունեցել Սամեգրելոյի բնակիչների  հետ: Նախկին առաջին տիկինը ասել է, որ քաղաքական իր պայքարը նվիրում է Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հիշատակին:

«Interpressnews»-ը այս առիթով հարցազրույց է վերցրել իշխող` «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Նուկրի Քալանթարիայից: Վերջինս շատ կարճ պատասխան է տվել.  «Միխեիլ Սահակաշվիլին ընտրություններին կնոջն առաջադրի, սիրուհուն թե բարեկամին,  միևնույն է ոչինչ չի կարող փոխել»:

Նույն  պարբերականը հրապարակել է նաև  քաղաքագետ Սոսո Ցինծաձեի  գնահատականը` կապված Պաատա Բուրճուլաձե և   Վաշաձե-Ջափարիձե-Կիցիտաձե քաղաքական շարժման միավորման հետ:  Քաղաքագետը կարծում է, որ կարևորը ընդդիմությունը գոյություն ունի և որ ընտրություններին միայնակ մասնակցելը հաջողության հեռանկար չէ ոչ մեկի համար:

«Հնարավորությունների մասին խոսելը դժվար է, քանի որ, եթե երկու կուսակցություն միանում են, ապա չի նշանակում, որ այդ գումարի ակտիվներին պետք է սպասել: Մաթեմատիկորեն  4+4 = 8-ի, սակայն  քաղաքականության մեջ կարող է 4+4-ը հավասար լինի 3-ի կամ 4-ի: Չեմ կարծում,  որ ընդդիմությունը միանա, կկարողանա  պարտության մատնել  «Վրացական երազանքին»: Սակայն միայն այն փաստը,  որ ընդդիմության ներկայացուցիչները զգում են, որ միայնակ ոչնչի չեն հասնի, դա  արդեն իսկ լավ է: Հնարավոր է` սա անօգուտ, անհաջող լինի, կամ փլուզվի ընտրություններից մեկ ամիս առաջ, սակայն միության կարևորությունը գիտակցում են, սա արդեն կարևոր է»,-ասել է քաղաքագետը` հիշեցնելով, որ նախկինում ևս նման դեպքեր են եղել. «առավոտյան կոալիցիա է կազմվել, կեսօրին փլուզվել, հաջորդ օրը մեկ այլ դաշինք է կազմավորվել»: Այնպես, որ ըստ Ցինծաձեի, կարևորը կազմավորվող դաշինքները ամուր լինեն:

«Kvira.ge»-ն տեղեկացնում է, որ  Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին իր հերթին Բուրճուլաձե ևՎաշաձե-Ջափարիձե-Կիցիտաձե միությունը համարել է  «Միացյալ ազգային շարժում- 2»: Սեսիաշվիլին հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին այս միությամբ փորձում է վերափոխել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վարկաբեկված անունը:

Միևնույն պարբերականը նաև փոխանցում է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Բոլնիսիի, Զուգդիդիի, Ծալենջիխի, Ճիաթուրայի և Սարագաուլիի նահանգապետերի և Ախալցիխեի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը  նշանակել է հոկտեմբերի 8-ին: Երկրի նախագահն այդ մասին հրամանագիրը ստորագրել է օգոստոսի 19-ին:

 

 

 

Թողնել պատասխան