Վրաստանյան մամուլում ամենաքննարկվող թեման շարունակում են լինել նախընտրական գործընթացները: Օգոստոսի 15-ին Վրաստանի «Հանրապետական կուսակցություն»-ը հայտարարել է, որ «Կենտրոնամետներ» կուսակցության դեմ բողոք է պատրաստել, որտեղ պահանջվում է արգելել «Կենտրոնամետների» քաղաքական գործունեությունը: «Interpressnews» պարբերականը գրում է․ «Հանրապետականները գտնում են, որ «Կենտրոնամետների» առաջնորդների կողմից հնչած հայտարարությունները և կոչերը հակասահմանադրական են: Պարբերականը նաև փոխանցում է, որ «Կենտրոնամետներ»֊ի քաղաքական գործունեության դադարեցում են պահանջում նաև «Վրացական երազանքը» և «Միացյալ ազգային շարժումը»: Նրանք այս խնդրի շուրջ սահմանադրական դատարանին կդիմեն առանձին հայցերով:
Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստը քվորումի բացակայության պատճառով հետաձգվել է: Բյուրոյի նիստի համար անհրաժեշտ է առնվազն 17 պատգամավորի ներկայություն, սակայն օգոստոսի 15-ին միայն 9 պատգամավոր է ներկայացել: Խորհրդարանի նախագահի որոշմամբ նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին: «Frontnews» պարբերականը տեղեկացնում է, որ այս նիստին պետք է քննարկվեր Նինո Բուրջանաձեի նախաձեռնած սահմանադրական փոփոխության խնդիրը:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին վտանգավոր է անվանել՝ նրանց համեմատելով աղանդավորների հետ։ Խիդաշելին իր ֆեսբուքյան էջում գրել է, թե «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները միայն գույներն են փոխում: Պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ բանտերում մարդկանց խոշտանգել են այն ժամանակ, երբ «Ազգային շարժումը» «Քաղաքացիական միության» կազմում էր և նույնիսկ «Միացյալ ազգային շարժման» իշխանության օրոք:
Վրաստանյան լրատվամիջոցները անդրադարձան նաև Ռիոյի Օլիմպիական խաղերին: «Netgazeti.ge» պարբերականը գրում է, որ հունահռոմեական ըմբշամարտ սպորտաձեւում Ռոբերտ Կոբլիաշվիլին պարտության է մատնել մեքսիկացի հակառակորդին` անցնելով հաջորդ փուլ: Հաջորդ հանդիմպանը 22-ամյա մարզիկը կմենամարտի գերմանացի ըմբիշի հետ: Վրաստանի թիմը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերին այս պահի դրությամբ 2 մեդալ է նվաճել՝ արծաթե և բրոնզե: Ըմբշամարտիկ Լաշա Շավթադուաշվիլին բրոնզե մեդալ է նվաճել և դարձել առաջին վրաստանցին, ով երկու, միմյանց հաջորդող օլիմպիական խաղերին մեդալակիր է դառնում: Վրաստանի թիմին արծաթե մեդալ է բերել ըմբիշ Վառլամ Լիպարտելիանին:
Ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին օլիգարխիայի դեմ պայքարի համար դիմելու է ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին` համատեղ փաստաթուղթ ստորագրելու կոչով: Նաթելաշվիլին ուշագրավ եւ հակասական հայտարարություն է արել, ընտրություններում օլիգարխների մասնակցությունը արգելելու վերաբերյալ: «Կոչ եմ անելու բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, ընդդիմանալ քրեական օլիգարխների` Վրաստանի խորհրդարանի գործերին միջամտելուն: Նրանք փորձում են փողի միջոցով գնել մեր` կառավարելու և կողոպտելու իրավունքը»,֊ հայտարարել է Նաթելաշվիլին: