Վրաստանյան մամուլն այսօր անդրադառնում է Դիդգորիի տոնին նվիրված միջոցառումներիին: «Ռուսթավի 2» հեռուստաալիքը մասնավորապես տեղեկացնում է, որ Դիդգորիի հուշահամալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարության անդամները: Միջոցառմանը մարտական գործողությունների ժամանակ խիզախության և ծառայակցի կյանքը փրկելու համար «Դիդգորիի խաչ» մեդալի են արժանացել Վրաստանի ԶՈՒ-ի մայոր Զազա Ցերծվաձեն և սերժանտ Գիորգի Ճովելիձեն:
«Kvira.ge»-ն գրում է, որ պարգևները հանձնել է Վրաստանի Պաշտպանության նորանշանակ նախարար Լևան Իզորիան: Վերջինս իր ելույթում վրաց ժողովրդի պատմության մեջ կարևոր դրվագ է համարել Դիդգորիի ճակատամարտը:
Վրաստանում նախընտրական պայքարը գնալով էլ ավելի է թեժանում: «Frontnews»-ի փոխանցմամբ՝ երկրի Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին պատրաստվում է Գորիում իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Ինչպես հայտարարել է Օքրուաշվիլին, Գորիում բարդ ընտրապայքար է սպասվում: «Իշխող կուսակցությունը անկիրթ վերաբերմունք է ցուցաբերում բնակչության հանդեպ, երբ ներկայացնում է իր թեկնածուներին: Նրանք ոչ մի կապ չունեն պառլամենտարիզմի հետ»,— Օքրուաշվիլիի խոսքերն է մեջբերում «Frontnews»-ը:
Թեմային անդրադարձել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին:
«Օքրուաշվիլին կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ, դա իր որոշումն է: Բայց ես համոզված եմ, որ վրաց ժողովուրդը լավ է հիշում բոլորի, այդ թվում նաև Օքրուաշվիլիի ծառայությունները»,— հայտարարել է Ջավախիշվիլին:
«Interpressnews» լրատվականը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը: ՌԴ ԱԳՆ-ն սրանով փաստորեն արձագանքում է 2008 թ. ռուս-վրացական պատերազմի մասին Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը` նշելով, թե «պաշտոնական Թբիլիսիին անցած 8 տարիները բավարար չէին, որպեսզի հասկանար երկրի տարածքների մասնատման իրական պատճառները»:
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն, այսօրվա իրականությունը այն է, որ Վրաստանի «նախկին տարածքներում» գոյություն ունեն երկու անկախ պետություններ, որոնք ինքնուրույն են որոշում իրենց ներքին և արտաքին քաղաքականությունն ու մտածում իրենց անվտանգության, այդ թվում, սահմանների բարելավման մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն նաև նշում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն ավանդույթի համաձայն իր հայտարարություններում շեշտում է 2008 թ. օգոստոսի 12-ին հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի մասին, որը ռուսական կողմը «միֆ» է համարում:
«Ստիպված ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ նման փաստաթուղթ չկա: Իրականում խոսքը գնում է հակամարտության կարգավորման 6 սկզբունքների մասին, որը շրջանառության մեջ են դրել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները` վրացական, օսական ու աբխազական կողմերին առաջարկելով ստորագրել»,- ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է նաև Ուկրաինայի ղեկավարությանը, մասնավորապես նախագահ Պյոտր Պորոշենկոյին ու այդ երկրի ԱԳՆ-ին՝ Վրաստանի հանդեպ դրսևորած զորակցության համար:
Վրաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներում կարդում ենք Կրեմլում տեղի ունեցած փոփոխությունների մասին: «Liberali.ge» պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի պաշտոնն իջեցրել է: Իվանովը այսուհետ Շրջակա միջավայրի և տրանսպորտի ոլորտում նախագահի ներկայացուցիչը կհանդիսանա`իր տեղը զիջելով տեղակալին` Անտոն Վիանոնին: Բացի այդ, Իվանովը այլևս չի հանդիսանա Ռուսաստանի Ազգային անգտանգության խորհրդի անդամ: Պարբերականը հիշեցնում է՝ «ՊԱԿ-ի նախկին սպա , Պաշտպանության նախկին նախարար և վարչապետի նախկին տեղակալ Իվանովը Պուտինի դաշնակիցն էր համարվում: 2008թ.-ին, երբ Պուտինի նախագահության ժամկետը լրացել էր, Իվանովը համարվում էր նրա իրավահաջորդը, սակայն Պուտինը ընտրեց Դիմիտրի Մեդվեդևին»: