Վրաստանյան մամուլում այսօր ակտիվ շրջանառվում էր Ասլան Աբաշիձեի դատավարության վերաբերյալ լուրը: «Interpressnews» լրատվականը տեղեկացնում է, որ Բաթումիի քաղաքային դատարանը Աջարիայի ինքնավար հանրապետության նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Մամիսեիշվիլին դատավճիռն այսօր է հրապարակել: Աբաշիձեն մեղադրվում է մի քանի հանցագործության, այդ թվում, Նոդար Իմբաձեի սպանության մեջ, ինչի համար Աբաշիձեն պատժվել է 2 տարի և 7 ամիս ազատազրկմամբ, իսկ բարոյական վնասի համար՝ 100 հազար լարի: Դատարանը դատավճիռ է կայացրել նաև այլ անձանց նկատմամբ: Ասլան Աբաշիձեի կնոջ եղբորը՝ Աջարիայի անվտանգության նախկին նախարար Սոսո Գոգոտիձեին դատապարտել են 12 տարի ազատազրկման: 4 տարի և 6 ամիս ազատազրկման է դատապարտվել նաև Աբաշիձեի անվտանգության պետ Դավիթ Խալվաշին, ով արդեն երկու տարի է գտնվում է անազատության մեջ:
«Marshalpress» լրատվականն այսօր հոդված է հրապարակել «Ազատ դեմոկրատներ»-ը լուծարվում են» վերնատառով: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Գորիի նախընտրական շտաբի պետ Դավիթ Ծեծվաձեն լքել է կուսակցության շարքերը և միացել իշխող «Վրացական երազանք»-ին: Մեկնաբանելով տեղի ունեցածը Ծեծվաձեն ասել է, որ լքել է կուսակցությունը քանի որ «Իրակլի Ալասանիայի կուսակցության գաղափարախոսությունը նման է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գաղափարախոսությանը»: Նա նաև ասել է, որ կուսակցության շարքերը կլքի ևս մի քանի անդամ: Պարբերականն իր լսարանին հիշեցնում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հեռացել է նաև Թամազ Շիոշվիլին, ով ներկայացված է եղել որպես Գորի քաղաքի մեծամասնական թեկնածու:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ «Մեր հայրենիք» կուսակցությունը պահանջում է Սահակաշվիլիի Վրաստան էքստրադիցիան: Կուսակցությունը նման պահանջով բողոքի ակցիա է կազմակերպել Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ: Ցուցարարներին հանդիպել է դեսպանատան ներկայացուցիչը: Ակցիայի մասնակիցները վերջինիս խնդրագիր են փոխանցել, որի տակ ստորագրել է մոտ 100 հազար մարդ: Դիվանագետի, ում անունն ի դեպ չի նշվում, խոսքերով նա խնդրագիրը կփոխանցի Ուկրաինայի կենտրոնական կառավարությանը:
Ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը գրում է՝ «Ռուս օկուպանտները Գալիի շրջանի Ճուբուրխինջի գյուղում թալանել են 82-ամյա Մակղվալա Կանդելակիին: Տարեց կնոջը ծեծել են և 1.5 տոննա ընկույզը գողացել: Նմանատիպ հարձակում է տեղի ունեցել նաև Փախուլանշի գյուղում, անհայտ անձինք հարձակվել են տաքսու վարորդի վրա և գողացել ավտոմեքենան»: Վրաստանի «Հանրապետական» կուսակցության Փոթիի քաղաքային կազմակերպության ղեկավարը լքել է կուսակցությունը և հայտարարել, որ ևս 6 անդամ լքելու է կուսակցության շարքերը: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ զրույցում Հանրապետական կուսակցության Փոթիի քաղաքային կազմակերպության արդեն նախկին ղեկավար Նուկրի Թոշխուան նշել է, որ ընդհանրապես հեռացել է քաղաքականությունից՝ տեղեկացնում է «Liberali.ge»-ին: