ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր նախագահության 8 տարիներին ամերիկյան հատուկ ծառայությունները տասնյակ հազարավոր ահաբեկիչների են ոչնչացրել։
Այս մասին Օբաման ասել է Չիկագայում իր հրաժեշտի ելույթում՝ վստահեցնելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ևս կոչնչացվի։
«Մենք ոչնչացրել ենք տասնյակ հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենին։ «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիան, որը մենք ենք գլխավորում, ոչնչացրել է նրա պարագլուխներին»,-ասել է Օբաման։
ԱՄՆ-ի նախագահը իր հրաժեշտի ելույթում խոսել է նաև այլ հարցերի շուրջ՝ հորդորելով ամերիկացիներին պաշտպանել ժողովրդավարությունը՝ ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշելով ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը:
Օբաման ներկաներին հուզել է, երբ ամբիոնից դիմել է կնոջը՝ Միշել Օբամային, ասելով․ «Վերջին 25 տարվա ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաներիս մայրը, այլև իմ լավագույն ընկերը։ Ես հպարտանում եմ քեզնով: Ողջ երկիրն է հպարտանում քեզնով»:
Ութ տարի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցրած Բարաք Օբաման այն կթողնի հունվարի 20-ին։ Այդ օրը տեղի կունենա 2016 թվականի նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: