Վրաստանյան քաղաքական կուսակցությունները ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսել են 16 մլն 861 հազար 130 լարի։ Այս մասին ասված է ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ պետական աուդիտի ծառայության թվով երկրորդ զեկույցում:
Զեկույցում նշվում է, քարոզարշավի ընթացքում ամենամեծ ֆինանսական միջոցները ծախսել է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 11մլն 651 հազար 146 լարի: Երկրորդ տեղում ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանը»-ը՝ 929 հազար 584 լարի, երրորդ տեղում է մյուս ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժում»-ը, որի ծախսած գումարի չափը հասնում է 735 հազարի:
«Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը քարոզչական ծախսերին հատկացրել է 797 հազար 022 լարի, «Նոր քրիստիան-դեմոկրատներ»-ը՝ 397 հազար 327 լարի։ «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը ծախսել է 336 հազար 893 լարի, «Միացյալ ժողովրդավարական շարժում»-ը՝ 246 հազար 891 լարի, «Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհ»-ը՝ 394 հազար 040 լարի:
Ինչ վերաբերում է նվիրատվություններին, զեկույցը նշում է, որ քաղաքական կուսակցությունները քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել են 18 մլն 167 հազար 797 լարի: Մասնավորապես՝ «Վրացական երազանք»-ը՝ 9 մլն 855 հազար 337 լարի, «Եվրոպական Վրաստան»-ը՝ 1 մլն 463 հազար 358 լարի, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 1 մլն 283 հազար 754 լարի, «Միացյալ ժողովրդավարական շարժում»-ը՝ 675 հազար 555, «Պետությունը ժողովրդի համար»՝ 431 հազար 693, «Նոր քրիստիան- դեմոկրատներ»՝ 399 հազար 594, «Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը»՝ 402 հազար լարի: