Համով ժառանգություն․ «Քաղցր պառավի օրը» Շահումյանում

Եթե երբեւէ Երեւանից Թբիլիսի եք ուղեւորվել, մեծ է հավանականությունը, որ անցել եք Մառնեուլիի շրջանի Շահումյան հայաբնակ գյուղով։ Փոքր ու հպարտ Շահումյանի իր արմատներով ու պատմությամբ Ղարաբաղ է տանում։

Շուլավերցիների նախնիները Ղարաբաղի Շամշադինի եւ հարակից շրջաններից գաղթել են 18-րդ դարի երկրորդ կեսին` բնակություն հաստատելով այս` ներկայում մեծ մասամբ ադրբեջանաբնակ շրջանում։ Գյուղն առանձնանում է իր պատմությամբ, 14-15 դարերի հուշարձաններով, խոհանոցով ու ավանդույթներով։

10399813_990961650998721_6872214465666627528_n

Դեկտեմբերի առաջին կիրակին Շուլավերում ավանդաբար նշում են «քաղցր պառավի օրը», երբ գյուղի բնակիչները միմյանց են այցելում եւ իրար «սիջոխ» (քաղցր սուջուխ), չրեր կամ որեւէ այլ քաղցրավենիք հրամցնում` միմյանց «քաղցր պառավ» անվանելով։

Շատերին կթվա, թե յուրօրինակ այս ավանդույթի անվանումում պառավ բառի առկայությունը նշանակում է, թե այն բացառապես կանանց է վերաբերում, սակայն այդպես չէ. այս օրը գյուղի բոլոր բնակիչները` կին, տղամարդ, ահել ու ջահել միմյանց այս բառով են ողջունում։ Այս օրը նաեւ ընտանեկան մերձեցման կարեւոր առիթ է: Ընտանիքի անդամները միասին են քյաշկա պատրաստում։

15310815_1220452501364281_2063178163_o

Քյաշկան ձավարից ու տավարի մսից պատրաստված ճաշատեսակ է, որը մի քանի ժամ եփում են ցածր կրակի վրա։ Ընտանիքի բոլոր անդամները՝ մեծից փոքր, այս կամ այն կերպ ներգրավվում են տան տիկնոջն օգնելու գործում։ Տղամարդիկ նախապես միսն են գնում, ինչի համար` ի դեպ, Մառնեուլի է պետք հասնել։ Ընտանիքի կրտսեր անդամները ձավարն են մաքրում։ Գիշերն ուշ ժամի քյաշկան կրակի վրա են դնում ու թողնում մինչեւ լույս։

Մեկ բաժակ ձավարին ավելացնում են 2 լիտր ջուր եւ 200 գրամ միս, ջուրը «քաշվելով» (այստեղից էլ ուտեստի քյաշկա կամ քյաշիկա անվանումը) եփում այնքան, մինչեւ ջուրը գոլորշիանա` շիլայի տեսք տալով ուտեստին։ Պատրաստման եղանակը մեր ավանդական հարիսայինն է։ Ներկայիս Հայաստանի տարբեր բնակավայրերում քյաշիկան կամ հարիսան հայտնի է որպես ավանդական տոնական ճաշատեսակ։

Այս ավանդույթն իրենց հետ տարել են նաեւ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանից տեղափոխվածները, ինչպես օրինակ՝ Շուլավերցիների դեպքում է։ Քսաներորդ դարասկզբին Հայաստանի որոշ շրջաններում, երբ Նավասարդը դեռեւս նշվում էր որպես Նոր տարի, ծիսական ավանդույթներին զուգահեռ (նվերներով իրար այցելել, տների երդիկներից շարոց կախել եւ այլն) մարդիկ հարիսա էին եփում։ Հարիսան շուրջ 2000 տարի սեղանի անբաժան մասն է եղել նաեւ այլ տոների՝ օրինակ Բարեկենդանի ժամանակ, որը նշվում էր մի քանի օր։

Հետաքրքիր է նաեւ իմանալ այն պատմությունը, ըստ որի՝ այս ճաշատեսակը հարիսա է կոչվում։ Ըստ ավանդույթի, երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալով շրջում է Հայաստանի գյուղերով ու քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել, այնուհետեւ գյուղացիները մեծմեծ կաթսաները դնում են կրակների վրա, միսը լցնում մեջը եւ ձավարը վրան։ Այնուհետեւ Գրիգոր Լուսավորիչը հրամայում է խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։

Թողնել պատասխան