«Փող բաժանողներն այսօր գիշերը գլխով հարվածելու են պատին, որովհետև պարզելու են, որ իրենց բաժանած փողն արդյունք չի տվել: Ես վստահ եմ, որ ոչ վանաձորցին, ոչ ՀՀ քաղաքացին չի վաճառվում»:
Այս խոսքերն ասաց Ելք դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ քաղաքացիական պարտքը կատարելուց հետո:
Ըստ Մարուքյանի՝ հիմնական խախտումների մասին լուրերը կապված են զանգվածային ընտրակաշառք բաժանելու, տեղեմասերում կուտակումների հետ, նաև դեպքեր են եղել, երբ չեն կնիքվում կտրոնները, կոնկրետ «Սովխոզի» տեղամասում, իսկ մի քանի տեղամասերում առաջին քվեաթերթիկի փոխարեն վեցերորդն է դրվել: Մարուքյանը վերջին խախտման մասին պատրաստվում է ահազանգել նաև ԿԸՀ:
«ՀՀ քաղաքացին այսօր պետք է որոշի, թե ինչ երկրում է ցանկանում ապրել: Իրականում Վանաձորում փող բաժանելը երբեք չի աշխատել»:
Մարուքյանը նաև լկտի սուտ է համարել տեղեկություններն այն մասին, թե մատնահետքով հնարավոր է պարզել՝ քաղաքացին ում օգտին է քվեարկել, նաև այն, որ քվեախցերում տեսախցիկներ են տեղադրված: Նա վստահ է, որ Ելքի օգտին քվեարկած ձայները տեղ են հասնելու, քանի որ իրենց դաշինքը փաստացի բոլոր ընտրատեղամասերում վստահված անձեր ունի, ովքեր պատշաճ կատարում են իրենց աշխատանքը:
Մենք հաղթելու ենք՝ ասում է Մարուքյանն ու վստահեցնում, որ նույնիսկ զանգվածային ընտրակաշառք բաժանելը չի ազդելու ընտրության արդյունքի վրա: