Թբիլիսիի կենտրոնական կայարանի հարակից տարածքում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված տաղավարներ։
Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքաշինության վերահսկողության ծառայության աշխատակիցները մաքրել են տարածքի մի շարք փողոցներ՝ առևտրականներին արգելելով շարունակել առևտուրը:
Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիգա Նիկոլեիշվիլիի խոսքով՝ փողոցային առևտրի դեմ պայքարը իրականացվում է քաղաքացիների խնդրանքով։
«Մենք նպատակ չունենք փողոցային առևտրով զբաղվողներին անգործ թողել․ Նրանց քաղաքի տարբեր շուկաներում տարածք է առաջարկվում: Շուկաների ղեկավարության հետ համաձայնություն ունենք, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում առևտրականները կարող են աշխատել առանց հարկ վճարելու»,- նշել է Նիկոլեիշվիլին:
Թբիլիսիի քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ պայքարը սկսել է մարտի 19-ից: