Ընդդիմադիր «Ազատ դմոկրատներ» կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է կուսակցության անդամ Շալվա Շավգուլիձեն: Տեղեկացնում է «Netgazet.ge» լրատվականը:
Շավգուլիձեի խոսքերով, հենց այդ նիստում կորոշվի, թե ով է լինելու կուսակցության նոր առաջնորդը:
«Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ով ունի ղեկավարի պաշտոնում ընտրվելու հնարավորություն: Առաջիկայում կառաջադրվեն թեկնածուները, այնուհետև կքննարկենք ու կընտրենք հնարավորինս ամենաճիշտ տարբերակը: Վերջին շրջանում կուսակցությունը ներքին և արտաքին բազում դժվարությունների հետ է բախվել, այժմ պետք է ընտրել այնպիսի մի առաջնորդի, ով կհանի կուսակցությունն այս վիճակից, խթան կհանդիսանա նրա զարգացման համար»,-նշել է Շավգուլիձեն:
Հիշեցնենք՝ 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո, խորհրդարանի անցողիկ շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիան հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին: Ալասանիայից հետո կուսակցությունը լքեցին նաև Զուրաբ Աբաշիձեն, Վիկտոր Դոլիձեն, Դավիթ Օնոփրիշվիլին և Գիորգի Ցագարեիշվիլին: