
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի ժամանակ զոհված և անհայտ կորածների հարազատները Ցխինվալիում ցույց են կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է Sputnik Osetia-ն:
Տեղեկատվության համաձայն՝ մտավորականության ներկայացուցիչները, ուսանողներն ու բարձր դասարանի աշակերտները պահանջում են ընտանիքին չփոխանցել Արչիլ Տատունաշվիլիի դին: Դպրոցականները ցույցի են եկել 1989-2008 թթ. զինված հակամարտության ժամանակ զոհվածների նկարներով:
Ուսանողները ցույցին մասնակցել են «Վրաստա՛ն, վերադարձրու մեր երեխաների դիերը», «Եվրամիություն, մի՛ աջակցիր Վրաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի դեմ տեռորին», «Վրաստանը պատասխանատու է անհայտ կորած 145 օսերի համար» պաստառներով:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանությունները Վրաստանի 3 քաղաքացի են ձերբակալել: Նրանցից մեկը` Արչիլ Տատունաշվիլին, անհայտ պայմաններում մահացել է փետրվարի 23-ին:
Լուսանկարը` Sputnik Osetia