Քաղաքական որոշումների պատճառով Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ձերբակալված մարդիկ ժամանակավոր մեկուսարանում կպահվեն մինչև առավոտ:Այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ և ձերբակալվածների փաստաբան Գոգա Օնիանին: Վերջինս նշել է` նախարարության (խմբ.` ՆԳՆ) աշխատակիցները արհեստականորեն ժամանակ են ձգում և գործը դատարանին չեն ուղարկել: Օնիանին գտնում է, որ տեղի ունեցածը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի որոշման հետևանքն է:
«Մեկ էջը` նկատի ունեմ ձերբակալման զեկույցը, լրացրել են 4 ժամ: Դա արվել է միայն այն բանի համար, որպեսզի դատարանը այս մարդկանց գործն այսօր չքննարկի, և նրանք լուսացնեն ժամանակավոր մեկուսարանում: Սա քաղաքական կալանքի հասարակ օրինակ է»,- հայտարարել է Օնիանին:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 13 մարդ: