«Ցիանիդի» գործով մեղադրվող հոգևորական Գիորգի Մամալաձեն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել: Շուրջ 8 ամիս տևած քննությունը պարզել է, որ Մամալաձեն դիտավորյալ փորձ է արել սպանել Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Իլյա երկրորդի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիին։
Թբիլիսիի դատարանը վճիռը հրապարակել է առանց Մամալաձեի ներկայության: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան անդրադառնալով խնդրին, հոգևորականին փաստաբանի անվճար ծառայություն է առաջարկել:
«Փաստաբանների ասոցիացիայի անդամ եմ: Հայր Գիորգի Մամալաձեին իմ ծառայություններն եմ առաջարկում՝ անվճար և իր փաստաբանների հետ միասին»,— հայտարարել է Գվարամիան:
Հիշցենենք, որ Գիորգի Մամալաձեն այս տարվա փետրվարի 10-ին ձերբակալվել էր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ Բեռլին ուղևորվելու ժամանակ, ուր այն ժամանակ բուժում էր ստանում Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդը: Իրավապահները նրա ճամպրուկում թունավոր նյութ՝ ցիանիդ էին հայտնաբերել:
Պաշտպանող կողմը պատրաստվում է բողոքարկել վճիռը։