«Սահնանադրական փոփոխություններով նախատեսված է Վրաստանի քաղաքացիության լիբերալ մոտեցում՝ մասնավորապես, եթե Վրաստանի քաղաքացին ստանա այլ երկրի քաղաքացիություն, կպահպանվի նաև վրացականը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ով պարզաբանել է, որ այս փոփոխությունը կարևոր է այլ երկրներում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար:
Հիշեցնենք՝ նախորդ սահմանադրությամբ երկորդ քաղաքացիություն ստանալու դեպքում ավտոմատ կերպով չեղարկվում էր Վրաստանի քաղաքացիությունը: Հենց այս հիմքով 2015-ին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել էր նաեւ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, քանի որ ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն, իսկ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստիպված էր 2012–ին հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ Վրաստանինը ստանալու համար:
Ըստ Վրաստանի արդարադատության տան տվյալների՝Վրաստանի մոտ 30 հազար քաղաքացի ստացել է այլ երկրի քաղաքացիություն՝ այս մասին չհայտնելով իշխանություններին: Նոր սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2018-ի վերջին՝ նախագահական ընտրությունների անցկացումից հետո:
Հիշեցնենք՝ երկքաղաքացիության օրենքի նախաձեռնորղը պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլն է: