«Վրացական լարիի ճգնաժամը շարունակվում է, եւ սա գործող վարչակազմի մեղքն է»,- այս մասին փետրվարի 16-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Զուրաբ Մելիքիշվիլին: Խորհրդարանական փոքրամասնության անդամը Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության կողմից հրապարակված տեղեկատվության մասին է խոսել` ընդգծելով, որ ընթացիկ տարվա հունվար ամսին արտահանման ծավալները 22, իսկ ներմուծմանը` 25 տոկոսով նվազել են: Մելիքիշվիլիի խոսքերով` հունվար ամսվա ընթացքում պետական բյուջեի եկամտային մասը 100 միլիոն լարիով պակասել է, ինչը վերջին 5 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշն է:
Մելիքիշվիլին հայտարարել է. «Ցավոք տնտեսական խնդիրները ոչ թե լուծվում, այլ խորանում են: Պետք է հաշվի առնել հետեւյալ գործոնները. այս ամենը տեղի է ունենում Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, միեւնույն ժամանակ կառավարությունն ասում է, թե իրենք ռուսական շուկայի հետ «կարգավորված» հարաբերություններ ունեն»:
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ` արտահանման ու ներմուծման նվազումը ուղիղ համեմատական է լարիի փոխարժեքի հետ. «Կառավարությունը ոչինչ չի անում այս խնդիրները լուծելու համար: Եւս մեկ անգամ կոչ եմ անում կառավարությանը` տնտեսական վիճակը կարգավորելուն միտված քայլեր ձեռնարկել» ,— ասել է Մելիքիշվիլին,փոխանցում է «Interpressnews»-ը: