Թբիլիսիում օրեր առաջ անցկացված՝ «Վրացական քայլերթ» բողոքի երթի հետ կապված՝ զրուցել ենք Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Քարթուլի Դասի» (Վրաց դասակարգ) կուսակցության առաջնորդ Ջոնդի Բաղաթուրիայի հետ:
Նախկին պատգամավորը հստակեցնում է՝ Վրաստանը ոչ թե վրացիներինն է, այլ Վրաստանի քաղաքացիներինը. «Վրաստանում ապրում են բազմաթիվ հայեր, ադրբեջանցիներ, հույներ, քրդեր, ովքեր այս երկրի նվիրյալներն են, ովքեր ինտեգրված են և ակտիվ մասնակցում են մեր պետության զարգացման գործին: Այս ակցիան` թեև «Վրացական քայլերթ» է կոչվում, սակայն մեծ թվով հայեր, քրդեր, ադրբեջանցիների տեսա, ռուսների: Այս խնդիրը բոլորին է անհանգստացնում: Այնպես որ անթույլատրելի է այդ կերպ առանձնացնել մեր պետությունն ու մեր հասարակությունը: Այդ կերպ կարող է բաժանել միայն երկրի թշնամին: Ես, օրինակ, լավ ընկերություն եմ անում ռուսների, քրդերի, հայերի` բոլորի հետ: Իմ կուսակցությունում շատ հայեր կան: Մարդիկ այստեղ բողոքում են անօրինական ներգաղթի դեմ, մեծամասամբ Թուրքիայից, Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից ապօրինի ներգաղթածներն ու արաբներն են: Ոչ ոք դեմ չէ չինացու, հնդկաստանցու կամ թուրքի ժամանելուն, պետք չէ երեւույթները խառնել. Սա նույն բողոքն է, որը կա Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրիտանիայում, ԱՄՆ-ում: Տարբերությունն այն է, որ մեզ մոտ այս մասին մեր կառավարությունը չի խոսում, այլ ժողովուրդն է սկսել խոսել, իսկ մենք՝ ընդդիմադիր ուժերը, եկել ենք աջակցելու այս նախաձեռնող խմբին»:
Բաղաթուրիան գիտի նաև, թե ինչու է Աղմաշենեբելին (Դավիթ Շինարարի պողոտա) ընտրվել որպես ակցիայի վայր. «Քաղաքի այս հատվածում` գիտեք, որ միշտ տեղ ունի թրաֆիքինգը, մարմնավաճառության օջախներ կան, թմրանյութերի ապօրինի վաճառք ակումբներում ու ժամանցային վայրերում: Շատ են ինքնասպանության դեպքերը: Այս մասին ելույթ եմ ունեցել դեռեւս 5 տարի առաջ՝ խորհրդարանում, այն ժամանակ ես կարդացի ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը, որտեղ ասվում էր, որ Վրաստանը դարձել է տղամարդկանց և կանանց սեռական և աշխատանքային թրաֆիքնգի միջանցք»:
«Ո՞վ է մեղավոր» հարցին քաղաքական գործիչը մեկ կարճ պատասխան ունի. «Իշխանությունը՝ նախկին և ներկա: Իշխանությունը փոխվեց, սակայն այս առումով ոչ մի փոփոխություն: Ինչո՞ւ, որովհետև պաշտոնյաներին փոխարինեցին այլ չինովնիկներ, ովքեր նույնպես կաշառք են վերցնում, բնականաբար՝ նպաստում այդ ապօրինի բիզնեսին: Վրաց ազգը կորցրել է իր պետության կառավարումը, հայ իշխանությունները, ադրբեջանցիները, ռուսները չեն դավաճանում իրենց պետությանը, իսկ մերոնք` ցավոք, դավաճանում են մեր երկրի շահերին, սա է խնդիրը: Իսկ պատճառն այն է, որ Վրաստանը խամաճիկային ղեկավարություն ունի, իրականում Վրաստանը ղեկավարվում է ԱՄՆ-ի դեսպանատան կողմից, և ինչ խորհրուրդ ստանում` այն էլ անում են: Բնականաբար, հրաման են ստացել թույլ տալ Վրաստան մուտք գործել օտարերկրացիներին՝ հատկապես Մերձավոր Արևելքից: Եթե այսպես շարունակվի, ապա էթնիկ հավասարակշռությունը կփոխվի: Տասը տարի հետո Մերձավոր Արևելքից ներգաղթածներն ավելի շատ կլինեն, քան Վրաստանի քաղաքացիները՝ վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, քրդեր և այլն, միասին վերցրած: Սա է պատճառը, որ «Վրացական քայլերթին» մասնակցում են ոչ միայն վրացիներ»:
«Վրացական քայլերթը» շարունակություն կունենա: Մասնակիցները կառավարությանը վերջնաժամկետ են տվել՝ մինչև շաբաթվա վերջ, ապօրինի ներգաղթը կանխելու միջոցներ չձեռնարկելու դեպքում խոստացել են դիմել ծայրահեղ քայլերի: