«Չեմ կարող անհանգստությունս չհայտնել` մեր հարևան երկրներում ստեղծված իրավիճակի հետ կապված»,— հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկիկաշվլինին` «ՆԱՏՕ-Վրաստան ազգային դիվանագիտություն» ֆորումի շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերով` հնարավոր կլինի Ղարաբաղյան հարցի կարգավորումը. «Դա շատ կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշեիլին իր հերթին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վրացական կողմին ոչ մի հարցով չեն դիմել: Ըստ նախարարի` Պաշտպանության նախարարությունը, ինչպես և մյուս կառույցները, երկու հարևան երկրների հետ մշտական կապի մեջ են: Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, երկու նախարարներն էլ նշել են, որ նախահարձակ է եղել հակառակորդ կողմը. «Մեր տարածաշրջանում խաղաղությունը կենսական նշանակություն ունի: Միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր միջոցները` իրավիճակը շտկելու համար: Մենք փորձում ենք մշտապես տեղեկացված լինել», -ասել է Խիդաշելին:
Նա նաև հնչեցրել է Վրաստանի դիքորոշումը, որն, ըստ նրա համապատասխանում է գործընկերների դիրքորոշման հետ այն առումով, որ այս պահի հիմնական խնդիրը մարտական գործողությունների դադարեցումն է : «Երբ շուրջբոլորը փոխհրաձգություն է, երբ լարվածությունն այսպիսի մասշտաբների է հասնում, ինչպիսին տեսնում ենք այսօր Լեռնային Ղարաբաղում, կարևոր խնդիրը կրակը դադարեցնելն է, որից հետո կարող է խոսք լինել նաև մնացածի մասին»: Խիդաշելին հյուս է հայտնել,որ ՄԻՆՍԿ-ի խմբի հետ հանդիպումն այս առումով արդյունավետ կլինի:
Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորության դեպքում պետք է Ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդի դեր խաղա: Ինչպես բացատրրել է Կապանաձեն` Վրաստանն այն երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի հակամարտության երկու կողմերի հետ էլ: Ցավալի է, որ այս հարցը մի շարք պատճառներով չի ստացվել խաղաղ ճանապարհով լուծել .
«Գործընթացը ցավալի է ողջ տարածաշրջանի համար։ Այնպես որ ուշադրությամբ հետևում ենք դեպքերի ընթացքին, սերտ կապեր ենք պահպանում Ադրբեջանում և Հայաստանում մեր գործընկերների հետ, ստանում ամբողջական տեղեկատվություն»,- հայտարարել է Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` նշելով, որ կողմերը որևէ խնդրանքով չեն դիմել: Կապանաձեն նշել է նաև, որ Վրաստանը փորձում է հարցի շուրջ իր գնահատականներում օբյեկտիվ լինել: Նա նաև հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի խաղաղության ուղիներ գտնել:
Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության սրացումը վտանգավոր է, քանի որ այն կարող է ազդել ինչպես Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի վրա: Նրա խոսքով` ռազմական էսկալացիայի առիթով իր մտահոգությունն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը.
« Յուրաքանչյուր կոնֆլիկտ վատ է ոչ միայն այն կողմերի համար, որոնք ուղղակիորեն ներգրավված են դրանում, այլ նաև հարևան երկրների համար,»- ասել է Լահյուն` հավելելով, որ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս տարածաշրջանի խաղաղության օգտին և կողմ է, որ բանակցությունները շարունակվեն Մինսկի խմբի ձևաչափով:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Հայտարությունը փոխանցել են Վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան և Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը.
«Պատերազմը պետք է դադարեցնել. Ղարաբաղյան հակամարտությունը շատ երկար տարիներ տևեց ու բազմաթիվ կյանքեր խլեց: Մենք կողմերին կոչ ենք անում` անհապաղ դադարեցնել կրակը և առավելագույն ջանքեր ներդնել` հետագա էսկալացիայից խուսափելու նպատակով»:
Կաներվան և Վիգենինը հայտարարել են, որ լիովին սատարում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված` ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: