Ամալի-Դևդորակի կիճում նախօրեին սողանք է տեղի ունեցել։ Պատճառն ըստ մասնագետների` հաճախակի տեղումներն են:
Սողանքի մասին ահազանգը գրանցվել է օգոստոսի 31-ին` ժամը 20:00-ին։ Բարեբախտաբար վրացական ռազմական ճանապարհը չի տուժել: Քանի որ այդ հատվածում երթևեկությունը հուլիսի 6-ից երեկոյան ժամերին սահմանափակ է, սողանքի պահին ճանապարհը դատարկ է եղել: Վտանգավոր գոտուց մեքենաները տեղափոխվել են: Անվտանգության նկատառումներով` արգելվել է բեռնատարների միաժամանակ երկկողմանի երթևեկությունը և կայանումը:
Շրջակա միջավայրի պահպանության գործակալության, Ներքին գործերի նախարարության ճգնաժամերի կառավարման և պետական անվտանգության ծառայության կողմից կիրճում շարունակական վերահսկողություն և մոնիթորինգ է իրականացվում:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, վրաց֊ռուսական սահման տանող ճանապարհին, Դևդորակիի կիրճում սողանք էր տեղի ունեցել։ Թերեք գետը դուրս էր եկել հունից, վնասել մոտ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի մոտ 800 մետրանոց հատվածը: Ճանապարհը բացվեց միայն հուլիսի 6-ին, երբ գետը վերադարձվեց նախկին հուն և կատարվեցին վերականգնողական աշխատանքներ: