«Վրացիների քայլերթի»-ի ղեկավարներից, Սփյուռքի հարցերով նախկին պետնախարար Սանդրո Բրեգաձեն հայտարարում է, որ ոստիկանությունում իրեն ծեծի են ենթարկել։ Նա այժմ գտնվում է Ղուդուշաուրիի անվան հիվանդանոցում:
ՆԳՆ-ում և հիշյալ հիվանդանոցում, սակայն, հերքում են Բրեգաձեին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ինքն է ցանկացել տեղափոխվել հիվանդանոց, չնայած ոչ մի վնասվածք չունի:
«Հիվանդի իրավիճակը բավարար է: Նրան հիվանդանոց է բերել շտապ օգնության մեքենան: Վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել: Նա հիվանդանոցում է սեփական կամքով»,- Հանրային հեռարձակողի հետ զրույցում նշել է բժիշկ Նինո Ակիաշվիլին:
Հիշեցնենք՝ Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են «Վրացիների քայլերթ»-ի 5 անդամի, այդ թվում առաջնորդներից մեկին՝ Լադո Սադղոմելաշվիլիին: Ձերբակալվածները մեղադրվում են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի դիմաց իրականացրած խմբակային խուլիգանության մեջ: Գործով դատական առաջին նիստը նշանակվել է ապրիլի 16-ին։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Վրացիների քայլերթի» անդամները բողոքի ակցիա էին անցկացրել Ռուսթավի 2 հեռուստաընկերության շենքի մոտ՝ մասնավորապես բողոքելով հաղորդավար Գիորգի Գաբունիայի դեմ։ Վերջինս հաղորդաշարի ընթացքում ասել է․ «Կարծում եմ, որ 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը սարսափելի սխալ գործեց, երբ Իսրայել գնաց: Նա պետք է Աջարիա գար, որտեղ խաչվելու համար ծառը չէր գտնվի, քանի որ Բիձինան բոլոր ծառերը տեղափոխել է իր բակ»:
Ըստ «Վրացիների քայլերթ»-ի անդամների,Գաբունիան վիրավորել է իրենց կրոնն ու Հիսուս Քրիստոսին: