Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Կոբա Նակղոփիային հետ են ուղարկել Ուկրաինայի Բորիսպոլի օդանավակայանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Վրաստանի երրորդ նախագահ, «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր Միխեիլ Սահակաշվիլին, ով այսօր Ուկրաինայում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից: Նրա խոսքով, սահմանապահները բացատրություն չեն ներկայացրել: Սահակաշվիլին նաև հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որով Նակղոփիային արգելվում է մուտք գործել Ուկրաինա:
«Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Կոբա Նակղոփիային Բորիսպոլի օդանավակայանում չեն թույլատրել մուտք գործել երկիր առանց որևէ բացատրության: Կոբա Նակղոփիան պայքարում է իմ և «Միացյալ ազգային շարժման» հետ միասին»,- գրել է Սահակաշվիլին:
Ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում Նակղոփիան հայտարարել է, որ օդանավակայանում սահմանապահները փաստաթուղթ են ներկայացրել, որի համաձայն իրեն արգելվում է մուտք գործել Ուկրաինա:
Սահակաշվիլին իր հերթին նշում է, թե իր կուսակցության անդամներին «սև ցուցակում» սկսել է ընդգրկել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: