Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, նախընտրական թեժ քարոզարշավի մթնոլորտում տեղի են ունենում նաև այլ ծրագրեր: Սեպտեմբերի 30-ին Թբիլիսիում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ընտրություններ և ներգրավողական ընտրական միջավայր» խորագրով հանրային քննարկում: Մինչ միջոցառման մեկնարկը, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին հայտնեց, որ հանդիպման օրակարգում 3 թեմա կա.
«Նախընտրական շրջանում որոշ խնդիրներ կան կանանց, սահմանափակ կարողություններ ունեցողների և էթնիկ փոքրամասնությունների ներգրավվածության տեսանկյունից: Օրինակ ընտրատեղամասերի միայն 1/3֊ն է հարմարեցված սահմանափակ կարողություններ ունեցողների համար: Չնայած որոշ փոփոխությունների, առկա է նաև կանանց քաղաքական սահմանափակ մասնակցության խնդիրը: Այսօրվա տվյալներով օրենսդիր մարմնում կանանց ներկայությունը կազմում է ընդամենը 11 տոկոս»:
Օմբուդսմենը բացման խոսքով հանդես եկավ, որի ընթացքում շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը, նմանատիպ միջոցառումներին աջակցելու համար, այնուհետև՝ ներկայացնելով քննարկվող թեմաները, խոսքը փոխանցեց ներկայացնողներին: Վրաստանի քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության մասին խոսքով հանդես եկավ միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչ Նինո Դոլիձեն.
«2016 թվականի ընտրություններում կանանց մասնակցությունը նախորդ ընտրությունների համեմատ դժվար թե որևէ կերպ փոխվի: Չնայած նրան, որ բնակչության կեսից ավելին կանայք են, խորհրդարանում կամ ավագանիներում նրանց մասնակցությունը 12 տոկոսը չի գերազանցում: Միջազգային փորձի վրա հիմնված գենդերային քվոտա մտցնելու մեր նախաձեռնությունները, տղամարդկանց աջակցությունը չստանալու պատճառով օրենքի ուժ չի ստացել: Ոչ պակաս կարևոր խնդիր է կուսակցություններում կանանց ներկայությունն ու նրանց դիրքերը ցուցակներում: Սահմանափակ ներկայությանը զուգահեռ, կանայք նաեւ չեն զբաղեցնում առաջին տեղերը, ինչը էլ ավելի է նվազեցնում խորհրդարանում հայտնվելու հավանականությունը»:
Այս կապակցությամբ մեկնաբանություն արեց «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդյանը.
«Կինը ծննդաբերելով պետք է ապացուցի, որ ինքը կին է: Եթե ծննդաբերության հետ ուզում է ապացուցել, որ ինքը շատ խելոք է և այդ մասնագիտությամբ խորը հասկացող անձնավորություն է… Ես գիտեմ իմ խորհրդարանի ժամանակվանից և ընդհանրապես բազմաթիվ կանանց, ում ընտրում են որպես պատգամավոր, նախարար, ոչ միայն գենդերային ծրագիրը բավարարելու համար: Ոչ, որովհետև նա դրսեւորել է իր տաղանդը, իր պայծառությունը: Պետք է ցույց տաս քո գործունեությունը, այլ ոչ թե սպասես, թե քեզ կհրավիրեն, կամ ասես քվոտա է հարկավոր»:
Միջոցառմանը ազգային փոքրամասնությունների քաղաքական մասնակցության թեմայով ներկայացավ «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամի» գործադիր տնօրեն Զաուր խալիլովը:
«Ցավոք սրտի արատավոր ավանդույթը դեռեւս շարունակվում է և էթնիկ փոքրամասնություններին կուսակցությունները հիշում են միայն ընտրություններից առաջ: Պատգամավորների որակը առանձին խոսելու թեմա է, այլ խնդիր է նաեւ այն, որ դեմքերը չեն փոխվում: Ավանդույթ է արդեն, որ փոքրամասնություններին ահաբեկում, սպառնում և շանտաժի են ենթարկում իշխող կուսակցությանը աջակցելու պահանջով: Փառք Աստծո բարելավվել է իրավիճակը տեղեկացվածության տեսանկյունից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվի է առել մեր բոլոր խորհուրդներն ու թարգմանում է ընտրողին անհրաժեշտ յուրաքանչյուր տեղեկատվություն: Շատ կարևոր խնդիր է նաև պատգամավորների վրացերեն լեզվի չիմացությունը: Այսօր, երբ միայն Քվեմո (Ստորին) Քարթլիից 2500 ուսանող է սովորում տարբեր բուհերում, պատգամավորի թեկնածու առաջադրել մարդու, ով չի տիրապետում վրացերենին, առնվազն վիրավորանք է ընտրողի նկատմամբ»:
Խալիլովի ներկայացրած փաստարկները մեկնաբանեց Վան Բայբուրդյանը.
«Իհարկե վատ է, որ չեն խոսում, շատ վատ է, բայց ես համարում եմ, եթե ժողովուրդը ընտրում է խուլ ու համր պատգամավորի, եթե շրջանի 90-80 տոկոսը հավատում է, որ ինքը կօգնի՝ ես կընտրեմ խուլ ու համրին, այլ ոչ թե մասնագիտությամբ իրավաբանի կամ տնտեսագետի: Պետական լեզուն իմանալը չպետք է երաշխիք դառնա, որպեսզի ինձ փողոցից տանեն ինչ֊որ մեծ պաշտոնի: Բացի լեզուն իմանալուց, ես պետք է ինչ֊որ ոլորտում մասնագետ լինեմ: Այն պատգամավորները, որոնք Ջավախքից են ընտրվել, նրանք իրենց ոլորտում մասնագետներ են եղել»:
Միջոցառման օրակարգում էր նաև սահմանափակ կարողություններ ունեցողների քաղաքական ներգրավվածությանն առնչվող խնդիրների քննարկումը, որոնք ներկայացնում էր « Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ներկայացուցիչ Կոբա Նադիրաձեն: Որպես խնդիրներից մեկը նա նշեց այն, որ սահմանափակ կարողություններ ունեցողները ընկալվում են որպես շահառուներ, այսինքն նրանց տրվում է ձայն տալու իրավունք, սուբյեկտ կամ վերահսկիչ լինելու մասին ոչ ոք չի խոսում: Նադիրաձեն իր դժգոհությունը հայտնեց ԿԸՀ-ի նկատմամբ՝ ընդգծելով, որ չկան տեխնիկապես ապահովման սահմանված նորմեր և կոնկրետ վերահսկման մեխանիզմներ:
Խաղաղության հիմնադրամի հիմնադիր Գիորգի Թումասյանը՝ մեզ հետ զրույցում մեկնաբանեց հանդիպման ընթացքը։ Համաձայնվելով ազգային փոքրամասնությունների վերաբերյալ նշված բոլոր խնդիրների հետ, խոսեց խնդրի վերաբերյալ իր կազմակրպության գործունեության մասին.
«Վերջերս կազմակերպել էինք հանրային քննարկումներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հասկանալու համար թե ինչպես են նրանք տեսնում էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման գործընթացը: Կազմակերպում ենք նաև կրթական ծրագրեր Քվեմո Քարթլիի և Սամցխե Ջավախեթիի շրջանում, տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով»: